Լրահոս
Օրվա լրահոսը

Գրետա Մեջլումյանը՝ Վարդուհի Վարդերեսյանի չխաղացած դերում

Հոկտեմբեր 14,2016 13:00

Շուրջ տասնամյա դադարից հետո դերասանուհին կրկին բեմում է

Իզուր չէ ասված, որ ռեժիսորն է հաճախ որոշում արտիստի բեմական ճակատագիրը… Շուրջ տասնամյա դադարից հետո նոր դերով իր բազմաթիվ երկրպագուներին ներկայացավ ճանաչված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանը, որը օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով զբաղված չէր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում վերջին տարիների նոր բեմադրություններում։
Գրետա Մեջլումյանը վերջին շրջանում նկարահանվել է մի քանի գեղարվեստական ֆիլմերում, ինչպես նաեւ մասնակցել հայ դասականներին նվիրված պոեզիայի երեկոներին։ Այս ամենն, իհարկե, զուգահեռելով Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում մանկավարժական գործունեությանը։

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնում պրեմիերա էր. բեմադրվել էր Նելլի Շահնազարյանի «Վարագույրը չի փակվի» ներկայացումը, ընդ որում՝ սա մեկն է այն հինգ ներկայացումներից, որոնք նվիրված են ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի ծննդյան 70-ամյակին։

samvel_xalatyan

«Առավոտը» զրուցեց դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանի (լուսանկարում) հետ։

Մեր զրուցակիցը նշեց, որ «Վարագույրը չի փակվի» պիեսը դրամատուրգը գրել է Վահե Շահվերդյանի խնդրանքով եւ նվիրել մեծանուն Վարդուհի Վարդերեսյանին, սակայն դերասանուհին առողջական խնդիրների պատճառով այդպես էլ չխաղաց այդ դերը։ «Տիկին Վարդուհին ասել էր, որ այս կերպարը կարող է մարմնավորել միայն Գրետա Մեջլումյանը, իհարկե՝ շահվերդյանական բեմադրությամբ»,- հավելեց մեր զրուցակիցը։

greta_mejlumyan_2

Գրետա Մեջլումյանը՝ «Վարագույրը չի փակվի»-ում։

greta_mejlumyan_3«Այս բեմադրության «փակ դիտմանը» նստած էի պիեսի հեղինակի կողքին եւ բեմից հնչող առաջին իսկ նախադասություններից հետո թեքվեցի նրան՝ ասելով. միանշանակ պարզ է մի բան՝ Վարդուհի Վարդերեսյանին ես նվիրել… Դարձյալ առաջին իսկ նախադասություններից ինձ տարօրինակ զգացում պատեց՝ իսկապես Վարդուհի Վարդերեսյանն է… Ճիշտ նրա ձայնը, խոսքի երանգը, առինքնող էությունը… Բայց մի քանի րոպե ու դրանից հետո՝ ներկայացման ավարտին, ըմբռնում ես, որ այդ սկիզբը սոսկ բեմադրության այցեքարտ-էպիգրաֆն էր, իսկ ներկայացումը Արարչատու, տաղանդավոր արտիստի, բառիս ամենալայն իմաստով, աշխարհի եւ մեր աշխարհի հետ ու միասին խոկումների շարանն է՝ նրա անձնական կյանքի բազմակի պատումներով, որոնք հիշողության կծիկի հետընթացով ներկայացվում են հենց իր՝ վեհի եւ գեղեցիկի քրմուհու կողմից»,- հայտնեց Սամվել Խալաթյանը։

Հավելեց նաեւ, իր ձեւակերպմամբ՝ ամեն ստեղծագործող իրե՛ն կտեսնի, ինքն իրենով կվերապրի այդ կերպարով եւ ամեն մի արվեստասեր նորովի կփառաբանի նորին մեծություն արվեստն ու դրա ստեղծողներին։

Մեր զրուցակիցը հավաստիացրեց նաեւ, թե «Վարագույրը չի փակվի» բեմադրությունը հաջողված է, արժանի ծափողջույնների, նաեւ՝ արժանի ծավալուն գրախոսության, քանի որ դրա վերլուծաբանը ոչ միայն ամփոփելու եւ գնահատելու է հեղինակների ստեղծագործական մոտեցումները, այլեւ չի կարողանա խուսափել արվեստագետ-կյանք-հավերժություն ծիրով մտորումներ շարադրելու գայթակղությունից։

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

13.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31