Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես սնվել աշնանը

Հոկտեմբեր 14,2016 12:30

Ինչքան եղանակը ցրտում է, այնքան տաքացնող ուտելիքների, ըմպելիքների, համեմունքների ժամանակն է գալիս

Ցանկացած եղանակ «առաջարկում» է իրեն բնորոշ սննդակարգը: Աշնանը հիմնական խնդիրը դառնում է սերոտոնինի անբավարարությունը, որը լրացնում են ոչ միայն շոկոլադն ու խմորեղենը, որոնց հանդեպ ձգողությունն այս եղանակին մեծանում է, այլ նաեւ մրգերն ու չրերը: Կստացվի այնպես, որ նույն հաճույքը կստանաք, սակայն վտանգավոր շաքարի փոխարեն՝ վիտամիններ ու այլ օգտակար նյութեր, իսկ շոկոլադ կարելի է միայն սեւ դառը:
Ցուրտ եղանակին օրգանիզմը պահանջում է ճարպով հագեցած սնունդ, բայց որպեսզի օգտագործեք օգտակար ճարպեր, մասնագետները նշում են, որ պետք է կենդանական ճարպերից ընտրել ձուկը, բուսականներից` բուսայուղը: Եվ անպայման անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բուսական յուղեր պարունակող ընկույզին ու արեւածաղկին, որոնք նաեւ կարող են երկար ժամանակով քաղցը հագեցնել: Նախաճաշին կարագով բուտերբրոդ ուտելը հրաշալի եղանակ է միանգամից ճարպեր, A, B, D վիտամիններ եւ ֆոսֆոր ստանալու համար:

8-1

Սնունդը դառնում է առավել օգտակար, երբ այն տվյալ կլիմայական գոտում է աճում, որտեղ ապրում եք եւ տվյալ եղանակին: Աշնանը եղանակը աստիճանաբար ցրտում է, արեւային ժամերը կարճանում են եւ օրգանիզմը կարիք ունի ստանալու էներգիայով լի սնունդ: «Այսինքն, ինչքան եղանակը ցրտում է, այնքան տաքացնող ուտելիքների, ըմպելիքների, համեմունքների ժամանակն է գալիս, իսկ ինչքան եղանակն ավելի չոր է, այնքան ավելի խոնավեցնող, ջուր պարունակող մթերքների շրջանն է: Եթե արեւային ժամերը քչանում են, ապա այն սնունդը, որ ընդունում ենք, ցանկալի է պարունակի այդ արեւի էներգիան: Հենց մեր տեղական, սեզոնային միրգ-բանջարեղենին որ նայենք՝ չիչխանը, դեղձը, դդումը եւ այլն, նարնջագույն են եւ պարունակում են արեւի «վերջին շողերը»,- «Առավոտի» հետ զրույցում այսպես բացատրեց սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը:

Նրա խոսքերով՝ մի քիչ ավելի ցուրտ եղանակին՝ ավելի խոր աշնանը, կարիք է լինում սնվել հողի մեջ տաքացող, հողի էներգիայից սնվող մթերքներով՝ նախապատվությունը տալով բազուկին, գազարին, կարտոֆիլին:

mirg_
«Հիմա, քանի որ ունենք այդ գազարագույն մթերքները, ցանկալի է այն շատ օգտագործել կամ սառեցնել եւ պահել ձմռան երկար ամիսների համար: Ձմռանը չունենք միրգ-բանջարեղեն, ուստի ցանկալի է, որ աշնան բարիքներից ե՛ւ օգտվել, ե՛ւ ամբարել ձմռան համար»,- խորհուրդ է տալիս մասնագետը:

Աշնանը, սննդաբանի խոսքերով, խորհուրդ է տրվում հրաժարվել սառը ուտելիքներից եւ ըմպելիքներից եւ նախապատվությունը տալ տաք կամ գոլ սննդին. «Ժամանակն է գալիս ավելի շատ համեմունքային թեյերի, օրինակ՝ կոճապղպեղով, որը տաքացնող հատկություն ունի: Կարելի է թեյը պատրաստել ինչ-որ բույսի տերեւներով, կանաչ թեյով, կարկադեով, ծորենիով՝ բարբարիսով:

Ամենակարեւորը, որ օրվա սնունդը լինի չուրս անգամ, պարտադիր լինի նախաճաշ, ճաշ, ընթրիք, երեկո: Աշնանն էլ, ինչպես տարվա մյուս եղանակներին, ցանկալի է, որ բոլոր օգտագործվող մթերքները պարունակեն վիտամիններ, ըմպելիքները իրենց տեղում լինեն եւ բոլոր սննդարար խմբերից նրանց մեջ լինեն»:

Ամռան կիզիչ արեւից անցումը դեպի արեւշող եւ երբեմն անձրեւոտ աշնան, մեր մաշկը ունենում է D վիտամինի պակաս, թեպետ, ըստ Վարդանուշ Պետրոսյանի, վիտամին D-ն պարզվում է՝ Հայաստանում տարին տասներկու ամիս է պակաս, ապա այն պետք է ստանալ ե՛ւ սննդից՝ կարագի եւ այլ յուղերի միջոցով, ե՛ւ օրվա մեջ որոշակի ժամանակ արեւի տակ գտնվելով՝ առավոտյան 10:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում՝ գոնե 2 ժամ լինելով արեւի տակ, որպեսզի մինչեւ վերջ D վիտամինը սինթեզվի»:

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

13.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31