Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿՆՎՈՂ ՖԻԼՄԵՐ

Հոկտեմբեր 14,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ հիսունչորսերորդ

ԿՐԿՆՎՈՂ ՖԻԼՄԵՐ

Վանոյի մասին էս վեպիս մեջ ահագին գրել եմ, բայց բացարձակապես անտեղյակ եմ՝ Վանոն էս վեպիցս որեւէ հատված կարդացե՞լ է, թե՝ ոչ, եւ չնայած իր կարծիքը շատ եմ կարեւորում, եւ չնայած իր մասին ինչ գրել եմ՝ սրտանց ու սիրով եմ գրել, առանձնապես  չէի ցանկանա, որ ինքն էս գրածներս կարդար, որովհետեւ մանավանդ էս ինտերնետային գրություններս իր ընթերցանությանն արժանի չեն, եւ ինքը գրականության հատկապես էս տեսակը չի ընդունում, որովհետեւ գրականության էս տեսակն առանձնապես է տարբերվում իր գրականությունից, բայց ինքը բանաստեղծություններս միշտ էլ հավանել ու սիրել է, եւ շատ հնարավոր է՝ բանաստեղծություններիս խաթեր էս արձակ գրություններս էլ երբեմն-երբեմն աչքի անցկացնի, եթե, իհարկե, համակերպվել է ինտերնետին ու համակարգչին, եւ հիմա մտածում եմ, որ կյանքն իրեն ստիպած կլինի համակերպվել՝ ինչպես որ ինձ է ստիպել, եւ չնայած համակարգչով մի էջ անգամ գրած չկամ, ուրիշների գրածները լավ էլ կարդում ու աչքի եմ անցկացնում, բայց էս ասածս չի նշանակում թե՝  բոլորն են սողոսկում ինտերնետ եւ ուրիշների գրածները կարդում, եւ մանավանդ ու հատկապես ուրիշների գրած վեպերը համակարգչով չեն կարդում, չնայած նոր սերնդի ներկայացուցիչներից շատերը նույնիսկ Տոլստոյի ու Դոստոեւսկու հաստափոր վեպերն են համակարգչով կարդում, եւ ջահելներից ոմանք նույնիսկ էս անծայրածիր վեպս են համակարգչով կարդում, եւ ենթադրում եմ, որ ամեն շաբաթ «Առավոտի» կայքում էս վեպս աչքի անցկացնողների մեծ մասը ջահելներ են, որովհետեւ տարիքավորները համակարգչով վեպեր կարդալու սովորություն չունեն՝ բացառությամբ Ղազարյան Հայկի եւ նրա մի քանի կոլեգաների, եւ մի քանի տարի առաջ, երբ թղթի սղության պատճառով «Առավոտը» 16-ից դարձավ 8 էջ, եւ էս վեպս դադարեց տպագրվել թերթային տարբերակում ու սկսեց երեւալ բացառապես «Առավոտի» կայքում, ես բազմաթիվ երդվյալ ու երեւելի ընթերցողներ կորցրի, եւ կորցրածներիցս  ամենաերեւելիներն, իհարկե, Մելքումյան Արիսն ու գեղանկարիչ Հակոբ    Հակոբյանն էին, ինչպես նաեւ՝ կինոգետ Սուրեն Հասմիկյանը, եւ Արիսին ու Հակոբ Հակոբյանին առանձին եմ  նշում, որովհետեւ երկուսն էլ արդեն ոչ միայն էս վեպիս են հրաժեշտ տվել, այլեւ՝ երկրային ամեն ինչին, իսկ ինչ վերաբերում է  կինոքննադատ Սուրեն Հասմիկյանին, վերջինս բարեհաջող շարունակում է ապրել ու վայելել երկրային էս ամենը՝ համոզվելով ու հավաստիանալով, որ առանց էս վեպիս էլ հնարավոր է  ու կարելի է ապրել, ու էս ասում եմ, որովհետեւ նախկինում, երբ էս վեպս թերթային տարբերակով էր լույս տեսնում, ու Հասմիկյանն էլ հետեւողականորեն կարդում էր, անձամբ ինքն էր ասում, որ արդեն առանց էս վեպիս իր կյանքը չի պատկերացնում, մինչդեռ հիմա առանց էս վեպի լավ էլ  շարունակում է ապրել ու դասավանդել, եւ թատրոնի ու կինոյի ինստիտուտի ռեժիսորական բաժնի ուսանողներին էլ խորհուրդ է տալիս ֆիլմի վերածել Արմեն Շեկոյանի «Հայկական ժամանակ» վեպի որեւէ հատված:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Հարգելի պարոն Շեկոյան. Ձեր այս վեպը կարդում եմ համակագիչով, արդեն չեմ հիշում քանի հարյուրավոր ուրբաթներ: Մանավանդ Հայաստանից դուրս ապրող երևանցու համար շատ սրելի ու սպասված է Ձեր վեպը: Մենք սերնդակիցներ ենք և Ձեր վեպի ոլորաններում երբեմն հանդիպում եմ ծանոթների, բարեկամների կամ պարզապես Երևանում հայտնի մարդկանց: Շատ հաճելի է: Ձեր այս վեպից ավելի եմ Երևանի համն ու հոտը առնում, քան երբ որ գալիս եմ Երևան: Շնորհակալությու և ամենայն բարիք:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31