Այսօր նախագահի նստավայրի մոտ Հյուսիսային պողոտայի բնակիչները բողոքի ցույց էին անում: Չնայած նրանց տեղեկացրել էին, որ նախագահը նստավայրում չէ, բայց ցուցարարները նայում էին նախագահականի պատուհաններին ու ինչքան ուժ ունեին՝ կանչում նրան դուրս:
Ցուցարարները բողոքում էին, որ իրենց միայն ընտրությունների ժամանակ են հիշում ու արդեն 13 տարի է՝ չեն փոխհատուցում:
Լալայանց 29 տան բնակիչ Գոհար Ասատրյանի խոսքերով՝ «Մեզ տվել են 1 քմի-ի դիմաց ընդամենը 200-240 դոլար, ծեծելով դուրս են արել: Մեզ բոլորիս խաբել են: Երբ ընտրություններ էր լինում, մեր բերանը փակելու համար, որ չգոռանք, ասում էին՝ թող այս ընտրություններն ավարտվի՝ ամեն ինչ լավ կլինի, կտանք, ձեր պահանջը կկատարենք: Ընտրությունները հենց ավարտվում էր՝ ոչ մի պահանջ: Երբ գնում էինք, ասում էին՝ ձեր հարցը լուծված է, այլեւս ոչինչ չունենք ձեզ տալու: Խի դա խաբեություն չի՞: Բա ամոթ չի՞ իրենց համար: Բյուջեն ամեն ինչով լցնում են, իրենք դատարկում են, մեր գումարներն էլ կերել են: Մենք իրենցից ողորմություն չենք ուզում, մենք մեր տների փողն ենք ուզում: Ինչի՞ պիտի իմ սեփական տնից ինձ հանեն, չնչին գումարով շպրտեն դուրս: Ինչի՞ պիտի չկարողանամ ես իմ տեղում՝ Կենտրոնում տուն առնեմ, թեկուզ՝ Շրջանայինում: Պիտի գնայի իրենց չնչին գումարով 9-րդ մասիվում տուն առնեի, չէ՞»:
Կարդացեք նաև
Թե ինչու են նախագահականի մոտ հավաքվել՝ նա պատասխանեց. «Ամեն երեքշաբթի գնում ենք քաղաքապետարան, դուրս են գալիս, ասում են՝ ձեր հարցը պետք է լուծի նախագահը եւ վարչապետը: Գնում ենք՝ վարչապետը չի ընդունում, եկել ենք՝ նախագահը չի ընդունում: Նախագահականի աշխատակազմից նոր դուրս եկան, պատասխանեցին, որ ձեր հարցը պետք է լուծի քաղաքապետարանը: Էս ի՞նչ երկիր է, չհասկացանք: 3 պարկ նամակ ենք գրել, բոլորին գրել ենք, մենակ մնում է Ալիեւին նամակ գրենք ու Թուրքիայի նախագահին»:
Մեր հարցին՝ Կարեն Կարապետյանին դիմե՞լ եք՝ նրանք պատասխանեցին. «Նոր վարչապետի մոտ գնում ենք գոռում-գոչում ենք, դեռ չի ընդունել: Որ Հովիկն ընդունեց, ի՞նչ արեց, ասեց՝ ձեր հարցը կլուծեմ: Մի շաբաթ հետո գնացինք՝ ոստիկանները կանգնած, մեզ չընդունեցին: Հարցը լուծված է: Ուրեմն նախագահը այնտեղ արդեն կարգադրում է, որ վռնդեք իրենց: Նախագահի ասելով է, Սերժ Սարգսյանն է անում»:
Կանայք սկսեցին համեմատել իրենց Առաջին տիկնոջ հետ՝ ասելով, թե «նրա կինը մեզնից ինչո՞վ է ավել, որ ամեն օր ժամը 10-ին Մաշտոցի վրա մազերը կսարքի ու դուրս կգա, ինչո՞վ է մեզանից ավել: Էդ սաղ մեր փողերն է»:
Ավելի ուշ ցուցարարները սկսեցին բողոքել, որ Սերժ Սարգսյանին ոչ ոք չի ընտրել: Մեր հարցին՝ եթե չեք ընդունում, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ է , նրանից հիմա ի՞նչ եք ուզում՝ կանայք պատասխանեցին. «Մեր հարցը թող լուծի: Մեր բակում մեկի՝ Գեղամյան Շողիկի հարցը լուծել է, որը իմ տան քմ-ի կեսն է ունեցել: Համ տուն է տվել, համ հող: Ընկել է իր մեքենայի դեմը: Ես ինձ թույլ չեմ տա իր մեքենայի դեմն ընկնեմ: Ես փռվեմ իր մեքենայի դե՞մը, դե ասա գնամ ինձ Զանգուից գցեմ, էդ էր մնացել պակաս: Կպայքարեմ, կլինի՝ կլինի, չի լինի՝ սաղ գնալու են դժոխք»:
Ցուցարարներից հետաքրքրվեցինք՝ պայմանագիրը դուք չե՞ք ստորագրել՝ նրանք պատասխանեցին, որ ստորագրել են ստիպված. «Որովհետեւ կողքի հարեւանները, որոնք չէին ստորագրել, ծեծեցին, ջարդեցին, հանեցին: Մեզ սպառնացել են, ասում էին՝ աղջիկդ որտեղ է աշխատում, տղադ որտեղ է աշխատում: Մարիամի տղային չտարա՞ն բանտ, տարան 3 օր նստացրեցին, տունը քանդեցին, նոր եկավ: Դա տեսնելուց հետո ո՞նց դուրս չես գա»:
Ցուցարարներից մեկն էլ պատմեց. «Երբ Ռոբերտ Նազարյանն էր քաղաքապետը, հարցրեցինք՝ ինչքա՞ն են վճարելու: Ասեց՝ 450 դոլար կտա ԾԻԳ-ը, 450 էլ ես կավելացնեմ, 900 դոլարով ձեզ կհանեմ: Իրեն մի ամիս հետո հանեցին գործից, Զախարյանն եկավ ու 240-250 դոլար տվեց: Բոլոր ղարաբաղցիներին 1900 դոլար տվեցին: Ինչքան ղարաբաղցի կար»:
Հյուսիսային պողոտայի բնակիչները վստահեցրին, որ եթե բյուջեում գումար էլ չկա, Սերժ Սարգսյանը կարող է այդ գումարը վերցնել Ռոբերտ Քոչարյանից. «Քոչարյանն այդ ժամանակ նախագահ էր, թող կանչեն ասեն՝ ինչքան փող ունես՝ հանիր: Ինչի կարա գնա Աֆրիկայում առյուծ սպանի, 20 հազար դոլար տա, չի՞ կարա մեր փողերը տա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ