Լրահոս
Օրվա լրահոսը

Ունենք Հայաստան, Արցախ, Սփյուռք համագործակցությունը գործնականում իրականացնելու մարդկային և մտավոր ներուժ

Հոկտեմբեր 13,2016 23:25

Սահմանադրական վերջին փոփոխությունների արդյունքում ժողովրդի ուղղակի ընտրության քվեով օժտված նախագահի ինստիտուտի փաստացի վերացումը ի չիք դարձրեց իրավական պետության համար պարտադիր իշխանության թևերի միջև հավասարակշռության և հակակշիռների հնարավորությունը:

«Արդարություն Հայաստանում» նախաձեռնության ոչ-ը՝ «համակարգված կոռուպցիային, մոնոպոլիաներին, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին, արտագաղթին և ընտրակեղծիքներին» մեր ոչ-ն է, և նրանց այո-ն՝ «բոլոր մարդկանց հավասարությանը, մարդու իրավունքների հիմնարար պահպանմանը և պաշտպանությանը, արդար և թափանցիկ ընտրություններին ուղղակի ներգրավվածությանը, օրենքի գերակայության նկատմամբ հարգանքին, արդար աշխատավարձերին, իշխանության հավասարազոր տարանջատմանը, ազատ մամուլին և թշվառների պաշտպանությանը»՝ մեր այո-ն:

Մեծապես արժևորում եմ նաև «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության հեղինակների հետ միասնաբար պայքարելու վերաբերյալ «Հոգևոր Հայաստան»-ի հայտարարությունը, ինչն ավելի ազդու և ծանրակշիռ է դարձնում իրական հաջողության հասնելու հեռանկարը: Այս համատեքստում տեղին եմ համարում ՖԲ տիրույթում իմ և համախոհներիս կողմից տարածված ուղերձը, որով առաջարկվում է ստեղծել Երկպալատ Համազգային Ժողով, որի Վերին պալատը կազմված կլինի Հայաստանի, Արցախի և Սփյուռքում բնակվող Հայաստանի քաղաքացիներից (երկքաղաքացիներից), ինչը հայրենիքի համար կարևորագույն հարցերում որոշում կայացնելու իրավունք ու պատասխանատվություն կընձեռի աշխարհասփյուռ ողջ հայությանը:

Այսօրվա հրամայականը, սակայն, այս ամենը հայտարարությունների և ուղերձների տիրույթից գործնական հարթակ տեղափոխելն է: Արդեն առաջիկա շաբաթների ընթացքում անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք ակտիվորեն կքննարկեն ու կորոշեն առաջիկա ընտրություններին մասնակցելու և դրանք վերահսկելու ձևաչափն ու հնարավորությունները: Սրա համար կարելի է օգտագործել հայտարարությանը միացած և պատրաստակամ այլ քաղաքական ու հասարակական կազմակերպությունների կառուցվածքներն ու ռեսուրսները:

Վստահորեն կարող եմ փաստել, որ ունենք Հայաստան, Արցախ, Սփյուռք համագործակցությունը գործնականում իրականացնելու մարդկային և մտավոր ներուժը: Հայաստանում կա՛ն հարյուր հազարավոր հայեր, ովքեր պատրաստ են կառուցելու բոլոր հայերի հայրենիք Հայաստանը:

«Ամարաս» հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան պատերազմի վետերան, ՀՀ և ԼՂՀ Մարտական Խաչ առաջին աստիճանի ասպետ, գնդապետ` Արթուր Ալեքսանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31