Վարչական դատարանում շարունակվում է քննվել Գյումրիում ՏԻՄ ընտրությունների արդյունքների բողոքը: Գործով երրորդ անձ հանդիսացող Բալասանյան դաշինքի ներկայացուցիչ Վաղարշակ Մխիթարյանը:
Նա հայտարարեց, որ հայցը՝ անվավեր ճանաչել ընտրատարածքային հանձնաժողովի 206 Ա որոշումը, անհիմն է եւ ենթակա է մերժման. «Ես՝ որպես Բալասանյան կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ, թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի նիստերին՝ ընտրությունների արդյունքների հետ կապված մասնակցել եմ:
Իսկ ամսի 9-ի նիստի հետ կապված քվեարկությունը կատարվել է պատշաճ կերպով, հանձնաժողովի բոլոր անդամները քվեարկությանը մասնակցել են: Ուղղակի քվեարկությունը նստած վիճակում են կազմակերպել, եւ բոլորին տեսանելի չի եղել, դրա համար էլ թույր կարծիք է ձեւավորվել»:
Վաղարշակ Մխիթարյանը ընդգծեց, որ քվեարկությանը բազմաթիվ լրատվամիջոցներ են մասնակցել, հանձնաժողովի անդամները 6 կողմ, 6 ձեռնպահ են քվեարկել. «Արդյունքները լսելուց հետո մեծ աղմուկ է բարձրացվել մյուս կուսակցության ներկայացուցիչների կողմից եւ սկսել են արդեն միջամտել հանձնաժողովի աշխատանքներին: Հանձնաժողովին դիմում է ներկայացրել 3 կուսակցություն՝ Հայկական վերածնունդ, Բարգավաճ Հայաստան եւ ԳԱԼԱ, որպեսզի կրկնակի քվեարկություն անցկացվի, որպեսզի բոլորը տեսնեն»:
Կարդացեք նաև
Վաղարշակ Մխիթարյանը ասաց, որ այնուհետեւ հեռախոսազանգերի միջոցով տեղյակ են պահել քվեարկության մասին, եւ նույն կերպ անցկացվել է նաեւ երկրորդ քվեարկությունը՝ 6 կողմ, 1 դեմ: Նա շեշտեց, որ քվեարկությանը մասնակցել են ԳԱԼԱ կուսակցության անդամները:
Ըստ նրա, ամեն ինչ արվում է, որպեսզի հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտվեն, միջադեպեր սկսվեն. «Հրապարակայնությունը ու թափանցիկությունը ապահովել են, ծանուցումն էլ պատշաճ է եղել, քանի որ անձամբ ինձ հեռախոսով զանգել են, ինչպես նաեւ մյուսներին: Ով, որ ցանկություն է ունեցել ներկայացել մասնակցել է նիստին, իսկ ով, որ ցանկություն չի ունեցել չի ներկայացել, չի մասնակցել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ