Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թաիլանդի Թագավորության թագուհի Սիրիկիտին՝ Թաիլանդի թագավոր Բհումիբոլ Ադուլյադեջի մահվան կապակցությամբ:
«Նորին Մեծություն Բհումիբոլ Ադուլյադեջի կորուստը մեծ վիշտ է ինչպես թագավորական ընտանիքի, այնպես էլ Թաիլանդի ողջ ժողովրդի համար: Նա բացառիկ դերակատարում է ունեցել բարեկամ Թաիլանդի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում: Թագավոր Ադուլյադեջը ժամանակակից աշխարհի և Ասիայի այն մեծ առաջնորդներից էր, որի տեսլականների և վճռական կամքի շնորհիվ ապահովվեցին Թաիլանդի շարունակական առաջընթացն ու բարգավաճումը, ամրապնդվեց երկրի միջազգային հեղինակությունը:
Այս ծանր պահին խորին ցավակցությունն եմ հղում Ձերդ Մեծությանը, Թագավորական ընտանիքին և Թաիլանդի ժողովրդին` մաղթելով ոգու տոկունություն և համերաշխություն»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ