ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում ուսանողները հոկտեմբերի 13-ին տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ միասին քննարկում էին մեր երկրում շատ ակտուալ «Ինֆորմացիայի կառավարումը և հավաստիության ճշտումը պատերազմական իրավիճակում» թեման:
Քառօրյա պատերազմից հետո երիտասարդությունը ավելի է հետաքրքիրված տեղեկատվական պատերազմներով և կարևորում է մեդիագրագիտությունը:
Ս. Մարտիրոսյանը քննարկման ընթացքում մի շարք օրինակներով ներկայացրեց ներկա իրավիճակը: Նա շեշտեց, որ բազմիցս ասել է և էլի կրկնում է, որ անկախ բոլոր հանգամանքներից շատ կարևոր է ստուգել ինֆորմացիան. «Տարբերություն չկա, թե երկրում ինչ կարևոր իրադարձություն է կատարվել, կարևորը գտնել այդ իրադարձության հավաստի աղբյուրներով լուսաբանումը: Իսկ պատերազմական դրության դեպքում իրավիճակն էլ ավելի է բարդանում, որովհետև այդ ընթացքում շատ սեղմ ժամանակահատվածում ահռելի քանակությամբ տեղեկատվություն է գալիս, որը շատ դեպքերում ստուգելը գրեթե հնարավոր չէ »:
Կարդացեք նաև
Նրա հավաստմամբ տվյալ իրավիճակներում պետք է ունենանք վստահելի աղբյուրներ, որոնք կարող են լինել շատ տարբեր: Վստահելի աղբյուր է համարվում պաշտոնական տեղեկատվությունը կամ լրագրողը, ով գտնվում է հենց առաջնագծում: Անհրաժեշտ է, որ լրագրողը տիրապետի տվյալ ոլորտի նրբություններին և ինֆորմացիոն սխալ աղբյուր չհանդիսանա. «Պատերազմական իրավիճակներում աշխատող լրագրողը պետք է տանկը БТР (զրահափոխադրիչ)-ից տարբերի»:
Ս. Մարտիրոսյանը ափսոսանքով նշեց, որ Հայաստանում շատ քիչ են ռազմական փորձագետները, որն էլ շատ հաճախ հասարակության շրջանում իրավիճակի սխալ վերլուծությունների է հանգեցնում և մի շարք առասպելական պատմությունների հիմք է հանդիսանում. «Օրինակ` Քառօրյայի ժամանակ շատ էր խոսվում Մինգեչաուրի ջրամբարը պայթեցնելու և Բաքուն գրավելու մասին: Բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, եթե հանկարծ մենք այդպիսի բան էլ անենք, նախ դա կհամարվի ռազմական շատ ծանր հանցագործություն, իսկ միջազգային հանրությունն էլ մեղմ ասած ընդհանրապես չի ցանական մեզ հետ առնչվել»:
Տեղեկատվական անվտանգության փորձագետը շատ կարևորեց արտասահմանյան թղթակիցների դերը, քանի որ ինչքան էլ մեր լրագրողները փորձեն օբյեկտիվ լուսաբանել, միևնույնն է արտասահմանյան թղթակիցը այն կողքի հայացքն է, որի օբյեկտիվության վրա չի կասկածում նաև միջազգային հանրությունը:
Լիլիթ ԽԱՉԱՏՐՅԱՆ