Հոկտեմբերի 11-ին Պրահայի Ազգային գրադարանի հանրահայտ Կլեմենտինում ցուցասրահում մեկնարկեց ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Որք զծորանս Հոգւոյն արբին. Հայ գրքարվեստը դարերի ընթացքում» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են Հայաստանի և Չեխիայի Ազգային գրադարանները, ՀՀ մշակույթի նախարարությունը և Չեխիայում ՀՀ դեսպանությունը: Միջոցառումը համընկել է նաև Ամստերդամում հրատարակված առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակի հետ:
Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Չեխիայի Ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Պետր Կրոուպան, ով, անդրադառնալով հայ-չեխական գրական կապերին, առանձնահատուկ կարևորեց նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը՝ չեխ լսարանին հայ գրքարվեստին ծանոթացնելու առումով: Այնուհետև Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանն անդրադարձավ հայ գրի և գրականության պատմությանը, հայապահպանության գործում ունեցած կարևոր դերակատարությանը, ինչպես նաև ցուցահանդեսին ներկայացված բացառիկ նմուշներին:
Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը մեծ գոհունակությամբ նշեց, որ երկու գրադարանների միջև համագործակցությունը և ներկա ցուցահանդեսն կարելի է օրինակելի համարել հայ-չեխական մշակութային համագործակցության պատմության մեջ:
Կարլի համալսարանի նվագախմբի և երգչախմբի ղեկավար, դասախոս, Հայ Առաքելական եկեղեցու ավագ սարկավագ Հայկ Ութիջյանն իր խոսքում ընդգծեց ցուցահանդեսին ներկայացված 75 նմուշների շարքում առանձնահատուկ տեղ զբաղեցնող Սուրբ Գրիգոր Նարեկացու աշխատությունները, 1513թ.-ի Պատարագատետրը, 1664թ.-ի Շարակնոցը, 1666թ.-ին Ամստերդամում տպագրված Աստվածաշունչն ու չեխ հեղինակների հայերեն թարգմանված գործերը, որոնց մեջ առանձնահատուկ արժեք ունի Յարոսլավ Հաշեկի` «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» վեպը:
Կարդացեք նաև
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Չեխիայի պետական ատյանների, նախագահական գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյաներ, ավելի քան 20 երկրների դեսպաններ, մշակույթի և գրականության գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ցուցադրությանը զուգահեռ ընթանալու են դասախոսություններ` Սուրբ Գրիգոր Նարեկացու, հայկական եկեղեցական երաժշտության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Ցուցահանդեսը կեզրափակվի հոկտեմբերի 25-ին Կլեմենտինումի հայլեպատ մատուռում` խմբավար Հայկ Ութիջյանի ղեկավարած Կարլի համալսարանի լարային նվագախմբի համերգով:
ՀՀ ԱԳՆ