Կառավարությունն այսօրվա նիստում բավարարեց «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ի՝ մաքսային արտոնություն տրամադրելու հայտը:
Այս ընկերությունը Արգիճի գետի վրա շահագործում է «Արգիճի» փոքր ՀԷԿ-ը, եւ Թուրքիայից խողովակներ ներմուծելու մաքսային արտոնություն է խնդրել կառավարությունից:
Այս ՀԷԿ-ի հետ կապված մի շարք աղմկահարույց միջադեպեր են եղել. Նախ դեռեւս 2012 թվականին ահազանգ եղավ, որ Գեղարքունիքի մարզի Արգիճի գետի վրա ՀԷԿ-ն անօրինական է կառուցվում:
Հետո բնապահպանության նախարարությունը պահանջել էր դադարեցնել շինարարությունը, բայց ՀԷԿ-ը կառուցվեց:
2013 թվականի հուլիսին այս ՀԷԿ-ի խողովակաշարարերը պայթել էին, ջուրը ողողել էր գյուղացիների ցանքատարածությունները՝ մեծ վնասներ պատճառելով գյուղացիներին. Կարտոֆիլի ամբողջ բերքը տարել էր ջուրը: Ամիսներ անց, սեպտեմբերին, նորից այս ՀԷԿ-ի խողովակը պայթել էր եւ կրկին վնասներ է պատճառել գյուղացիներին: 2014 թվականի մայիսին էլ, արդեն 3-րդ անգամ այս ՀԷԿ-ի խողովակները պայթեցին ու նորից գյուղացիները վնասներ կրեցին:
Կարդացեք նաև
2013-ի հոկտեմբերի 17-ին կառավարությունն արտոնություններ տվեց «Հիդրո կորպորացիա» ընկերությանը․ երեք տարով՝ մինչեւ 2016 թ. հուլիսի 13-ը, երկարաձգվեց «Արգիճի» փոքր ՀԷԿ-ը կառուցող «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ի կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը, որպեսզի ընկերությունը խողովակներ ներկրի ՀԷԿ-ի համար: Այսինքն, այս արտոնությունից հետո ակնկալվում էր, որ ընկերությունը պետք է արդեն բարելավեր ՀԷԿ-ի տեխնիկական վիճակը՝ հաշվի առնելով նախկինում խողովակների պայթելը, բայց խողովակների պայթելը շարունակվում էին:
Այս ընկերությանը այս տարվա հուլիսին արդեն լրացել էր 3 տարի առաջ տրված արտոնությունը, ուստի 2016 թվականին կառավարության հուլիսի 21-ի նիստին «Հիդրո Կորպորացիա» ընկերությանը նորից մաքսային արտոնություն տրամադրելու որոշում կայացվեց, եւ նորից Թուրքիայից խողովակներ բերելու համար:
Այսօր կառավարությունը այս ընկերությանը կրկին մաքսային արտոնություն տվեց ու Թուրքիայից խողովակներ ներմուծելու համար: Ընդ որում, ինչպես նշված էր որոշման նախագծում, ընկերությունը պետք է ստեղծի 25 աշխատատեղ՝ 90 հազար դրամով:
Վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ նոր էր նշանակվել, առաջին նիստերից մեկում նմանատիպ արտոնություն ստանալու հայտով մեկ այլ ընկերության առնչությամբ Արծվիկ Մինասյանին, որն այն ժամանակ էկոնոմիկայի նախարարն էր, հարցրել էր՝ նման արտոնություններ տրամադրելով, որը պահանջում է նաեւ աշխատատեղեր բացել եւ այլն, արդյոք հետո որեւէ կերպ ստուգո՞ւմ են, թե ինչպես է կատարում տվյալ ընկերությունն այդ պարտականությունները։ Վարչապետը նաեւ հետաքրքրվել էր՝ նման արտոնությունները տրամադրելով ինչպիսի մուլտիպլիկատիվ էֆեկտ է ստացվում։
Ակնկալվում էր, որ խնդրահարույց ու ոչ այնքան էլ պարտաճանաչ «Հիդրո կորպորացիային» մաքսային արտոնություն տալու կապակցությամբ վարչապետը հարցեր կուղղի զեկուցող, տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանին, սակայն, ոչ, առանց հարցերի ու միաձայն հայտը բավարարվեց:
Ի դեպ, «Հիդրո Կորպորացիայի»՝ աշխատատեղերի բացման մասին. Էկոլուրի՝ Արգիճի գետից օգտվող մի քանի համայնքներում կատարված հարցումներից պարզվել է, որ գյուղացիների կյանքի որակը ՀԷԿ-ի կառուցումից հետո ոչ թե լավացել է, այլ մի բան էլ վատացել է:
Ըստ որոշ տեղեկությունների, «Արգիճի» ՀԷԿ-ը պատկանում է ՀՀ նախագահի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին:
Արդյոք Aravot.am-ն Էմիլ Տարասյանից հետաքրքրվեց՝ արդյոք նախագահի եղբոր գործոնն է ազդում կառավարության որոշումների վրա, որ այս ընկերությանը նման արտոնություններ են տալիս: Պարոն Տարասյանը վստահեցրեց, որ իրենց որոշումների վրա մարդկային գործոնը չի ազդում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ