Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերիշը պաշտոնապես նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) 9-րդ գլխավոր քարտուղար: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, համապատասխան բանաձև ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը՝ առանց քվեարկության:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 6-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Գուտերիշին պաշտոնապես հայտարարել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում միակ թեկնածու:
Պորտուգալիայի նախկին վարչապետ և ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով նախկին գլխավոր հանձնակատար Գուտերիշը առաջ էր անցել իր մրցակիցներից դեռ հուլիսի 21-ին՝ քվեարկության առաջին փուլում, իսկ հաջորդած փուլերում ոչ մի անգամ չի իջել առաջին հորիզոնականից:
Փաստաթղթի համաձայն՝ Գուտերիշը նշանակվում է կազմակերպության ադմինիստրատիվ ղեկավար. նրա լիազորություններն ուժի մեջ կմտնեն 2017թ. հունվարի 1-ից և կավարտվեն 2021թ. դեկտեմբերի 31-ին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը 2007թ-ից զբաղեցնում էր Պան Գի Մունը՝ Հարավային Կորեայից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ