Լրահոս
Օրվա լրահոսը

Տեգոր 3 լիտրանոց «բանկը կտրած» հարսի գործն ուղարկվել է նոր քննության

Հոկտեմբեր 13,2016 18:16

Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակչուհի, 1987թ. ծնված Լիա Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մարտի 11-ին իր փաստացի բնակության վայր հանդիսացող Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի 11-րդ փողոցի 9-րդ տան ննջասենյակի պահարանից գաղտնի հափշտակել է իր ամուսնու մոր՝ Ալվարդ Մկրտումյանի 69 հազար դրամ արժողությամբ ոսկյա մատանին:

Բացի այդ, տեղյակ լինելով, որ իրենց տան առաջին հարկում պահեստարան հանդիսացող տնակում կախովի կողպեքով փակված փայտյա արկղի մեջ դրված 3 լիտր տարողությամբ ապակե տարայի մեջ իր ամուսնու եղբայր Շավարշ Վարդանյանն ունի գումար, տան հյուրասենյակից գտած, նշված արկղի կողպեքով բացել է արկղը, այնտեղից գաղտնի հափշտակել 120 հազար դրամ:

Լ. Վարդանյանը խաբեությամբ, իրականությունը խեղաթյուրելով՝ իր ամուսին Էդգար Ադամյանի եւ տեգրոջ՝ Շավարշ Ադամյանի անունից վարկային գիծ է բացել եւ քարտի միջոցով հանելով գումարներ, դրանք ծախսել անձնական կարիքների համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով,178 հոդվածի 1-ին մասով եւ 179 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2016թ.ապրիլի 25-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Լ. Վարդանյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածներում եւ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով նրան դատապարտել 1 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Դատավորը վճռել է քաղաքացիական հայցերը բավարարել եւ Լ. Վարդանյանից հօգուտ Շավարշ Ադամյանի բռնագանձել 1միլիոն 103 հազար դրամ, հօգուտ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 732 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցում:

Լ. Վարդանյանի պաշտպանը բողոքարկել է նշված դատավճիռը: Նա վերաքննիչ բողոքով խնդրել է բեկանել այն, ճանաչել եւ հռչակել ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 1-ին մասով 12 դրվագով ամբաստանյալ Լիա Վարդանյանի անմեղությունը, իսկ ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 1-ին մասով 2 հանցագործության, 179 հոդվածի 1-ին մասով նախատեսված 1 հանցագործությունների պարագայում, ինչպես նաեւ 177 հոդվածի 1-ին մասով 12 դրվագով Լ. Վարդանյանի անմեղությունը չճանաչելու դեպքում նշանակել նշված հոդվածների սանկցիաներով նախատեսված մեղմ, նվազագույն պատժաչափ, միաժամանակ նշանակվելիք պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել համապատասխան ժամկետով փորձաշրջան, վերը նշված խնդրանքները չբավարարելու դեպքում բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2016թ. ապրիլի 25-ի դատավճիռը եւ այն ուղարկել ստորադաս դատարան ՝ նոր քննության:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի` քրեական գործերով վերաքննիչ դատարանը բողոքի քննության ժամանակ հաշվի է առել, որ Լ, Վարդանյանը բնակվել է Ղազախստանում, ռուսական կրթություն է ստացել, չի տիրապետում հայերեն գրավոր լեզվին, նրա նկատմամբ քննչական գործողությունները կատարվել են առանց պաշտպանի, քննչական մարմինը չի տրամադրել հանձման ենթակա փաստաթղթերի ռուսերեն լեզվով վավերացված պատճենները, դրանով խախտվել են նրա իրավունքները:

Վերաքննիչ դատարանը պաշտպանի բողոքը մասնակիորեն բավարարել է, գործն ուղարկել է նույն դատարան, այլ կազմով նոր քննության: Ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է այդ գործով դատաքննությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31