Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարար. «Ներկա ժամանակ կոռուպցիա չկա եւ չի լինելու առաջիկայում» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 13,2016 18:08

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը վստահեցնում է, որ առողջապահության ոլորտում կոռուպցիա ներկայումս չկա: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով Aravot.am-ի այն հարցին՝ նախարարն արդեն քաջատեղյա՞կ է ոլորտին, կարո՞ղ է նշել, թե հատկապես որտեղ են կոռուպցիոն ռիսկերը եւ ինչ են պատրաստվում անել այդ ուղղությամբ, նախարարն ասաց.«Կոռուպցիոն ռիսկերը պատկերացնելն իմ աշխատանքը չէ: Մենք ուղղակի սկսել ենք նրանից, որ վերանայել ենք բոլոր նորմատիվ ակտերն ու սկսել ենք շարժվել դրանցով: Ես կարող եմ երաշխավորել, որ ներկա ժամանակ կոռուպցիոն ռիսկերը բացառված են, կոռուպցիա չկա եւ չի լինելու առաջիկայում: Սա՝ ինչ վերաբերում է իմ պաշտոնավարման հարցին: Ինչ կատարվել է մինչեւ այդ, ես ոչ ժամանակ ունեմ, ոչ մասնագիտական փորձ, որ զբաղվեմ այդպիսի քննություններով»:

Մեր ճշտող հարցին՝ ձեր նշանակումից հետո այլեւս կոռուպցիա չկա՞ առողջապահության համակարգում, Ալթունյանը պատասխանեց. «Ամեն դեպքում գումարների բաշխումը դադարեցվել է եւ կատարվում է ըստ օրենքի»: Մեր կրկին ճշտող հարցին՝ ինչ գումարների բաշխման մասին է խոսքը, Ալթունյանն այսպես պատասխանեց. «Պետպատվերով գումարների մասին է խոսքը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Պարոն Ալթունյանը կոռուպցիայի մասին խոսելիս լրագրողներից հետաքրքրվեց՝ «Կոռուպցիա համարում եք բժշկին նվիրատրված կոնյա՞կը, ծաղիկնե՞րը, գումա՞րը: Քաղաքացիները թող չտան: Իսկ եթե բժիշկները պահանջում են դա, այդ հարցով արդեն դատախազությունը պետք է զբաղվի»:

Նախարարին հուշենք՝ Վերահսկիչ պալատի բացահայտումներում բազմաթիվ օրինակներ կան, թե ինչպես եւ որտեղ են լինում կոռուպցիոն ռիսկերը, բացի այս, նաեւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի զեկույցում է նշվում, թե ինչպես են արտահայտվում կոռուպցիոն ռիսկերն առողջապահության ոլորտում:

Լրագրողների հարցին, թե իրեն՝ որպես բժիշկ, կոնյակ կամ այլ նվեր արե՞լ են, նախարարն այսպես պատասխանեց՝ «Իհարկե, եղել է, կոնյակ էլ են նվիրել, բայց ծաղիկ չեն նվիրել»,- պատասխանեց Ալթունյանը:

Հարցին էլ՝ նախարարն իրեն գործադիրում համարում է հարու՞ստ, թե շատ հարուստ նախարար, Լեւոն Ալթունյանը պատասխանեց՝ «Բժիշկների համեմատ հարուստ, շատ հարուստների համեմատ՝ աղքատ»:

Իր՝ միլիոնատեր լինելու, Մոսկվայում բնակարան վաճառելու մասին նախարարի դիտարկումները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31