Կառավարությունը մերժել է «Հայկական վերածնունդ» կուսակցության «Նաիրիտի» մասով առաջարկած ծրագիրը: Այսօր էլ նաիրիտցիներն այս առիթով էին կառավարության շենքի առաջ բողոքի ցույց կազմակերպել:
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների խոսքերով, կուսակցությունն առաջարկել էր չաշխատող, պարապուրդի մատնված գործարանների չկատարած հարկային պարտավորությունները չեղյալ համարել եւ այդ թվում «Նաիրիտին» հնարավորություններ տալ աշխատելու: Նրանց խոսքերով, ներդրողները գալիս են, տեսնում այդքան տույժ-տուգանքները, չմարված հարկային պարտավորությունները` վախենում ու իրենց մտադրություններից հետ կանգնում, մինչդեռ կառավարությունը հենց նրա համար է, որպեսզի ելքեր փնտրի ներդրողներին աջակցելու եւ ամեն գնով Հայաստանում պահելու:
Aravot.am-ի հարցին, թե «Նաիրիտի» հարցով ինչպիսի՞ զարգացումներ կան, հանդիպել են արդյոք գործարանում ներդրում անել ցանկացող գործարար Աշոտ Գեւորգյանի հետ, տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը, որին հանդիպեցինք կառավարությունում, ասաց, որ հանդիպում է եղել եւ գործարարի բիզնես-ծրագիրը պետք է ուսումնասիրվի, որից հետո հարցը քննարկվի Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության հետ:
Կարդացեք նաև
Նարիրիտցիներն ավելի ուշ իրենց բողոքի ցույցը շարունակեցին Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության շենքի առաջ, որտեղ նախարարության պաշտոնյաներից մեկին տեսնելով կրկին դժգոհեցին, որ «Նաիրիտի» ներդրողին վախեցրել են:
Այսօր օրվա երկրորդ կեսին նաիրիտցիներին ընդունել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ