Մոսկվան լավատեսական չէ տրամադրված առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, բայց շարունակում է աշխատանքները Երևանի և Բաքվի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Ես չէի ասի, որ մենք այստեղ մեծ լավատեսություն ունենք մոտ ժամանակներում այդ հակամարտության, վեճի կարգավորման հարցում: Բայց կշարունակենք համառ աշխատանքը և՛ Բաքվի, և՛, բնականաբար, Երևանի հետ»,- ասել է Ուշակովը լրագրողներին:
Այնուամենայնիվ, նա հրաժարվել է մանրամասներ հայտնել բանակցությունների վերաբերյալ՝ նշելով, որ քննարկման են դրված բազմաթիվ տարբերակներ և առաջարկներ:
«Բայց առայժմ, կրկնում եմ, հատուկ լավատեսության համար հիմքեր չեն նկատվում»,- ասել է Ուշակովը:
Կարդացեք նաև
Պատասխանելով Հայաստանին սպառազինություն մատակարարելու պատճառների վերաբերյալ հարցին՝ Ուշակովը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է և իրավունք ունի մատակարարել այն սպառազինությունը, որի շուրջ պայմանավորվել է գործընկերների հետ:
«Իմ կարծիքով՝ այդտեղ ոչ մի անսպասելի բան չկա ոչ մեկի, այդ թվում՝ ադրբեջանցի գործընկերների համար: Ինչպես գիտեք, Ադրբեջանին նույնպես զենք է մատակարարվում»,- ասել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ