Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղցրաշենցիները գյուղնախարարին` դու մեր ախպերն ես (Տեսանյութ)

Հոկտեմբեր 13,2016 17:30

«Նախարար ջան, դու մեր ախպերն ես, բայց եթե չես կարողանալու էդ հարցը լուծել, իզուր չգանք հասնենք նախարարություն»,-այսօր կառավարության շենքի առաջ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին այսպես պատասխանեցին Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործները, որոնց խաղողը մեկ տարի առաջ մթերել են, բայց մինչ օրս գյուղացիների գումարները չեն տվել:

 

Քաղցրաշենցիները նախարարին հանդիպեցին, երբ նա դուրս էր գալիս կառավարչության նիստից: Պարոն Առաքելյանին «օգնության» հասած գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը հուշեց, քաղցրաշենցիների խաղողը մթերած գործարար Ավետիս Գալստյանին այսօր հրավիրել են նախարարություն: Գյուղացիները պահանջեցին, որ իրենք էլ ներկա լինեն: Պարոն Մակարյանն առաջարկեց հինգ հոգանոց պատվիրակություն կազմել, քանի որ չեն կարող բոլորին ընդունել:

 

«Թող գումարները տան կամ գնամ սիրտս ստենդավորեմ, կամ բանկի փողը տամ, որ արդեն հասել է մեկ միլիոն դրամ: Մեր գյուղից մեկը հավ գողացավ, տարան Կոշի գաղութ տարիներով փտեց, բայց Ավոն էդքան փող է գցել մեզ, մեկը չի բռնում Ավոյին»,-ասաց Քաղցրաշենի բնակիչ Վազգեն Պետրոսյանը:

xaxox-2Քաղցրաշենից 420 ընտանիք մթերված խաղողի դիմաց գումարները չեն ստացել: Քաղցրաշենցիների խոսքերով, ամբողջ գյուղը «բանկի տակ է»:

Գյուղացիների խոսքերով. «Ով լավ տղա էր, զոռբա էր` ստացավ»:

Վազգեն Պետրոսյանը նախարարին վստահեցրեց, որ բազմաթիվ հանդիպումներ են եղել խաղողը մթերած «Վինար» ընկերության տնօրեն Ավետ Գալստյանի հետ, սակայն անօգուտ. «Մեր մարզպետը կարգին տղա է, չկարողացավ, միլպետը չկարողացավ, իրան, եթե նուրբ ու քնքուշ ասեք, ինքը չի տա: Մեզ քցել են, մեզ խաբել են, մեզնից գողացել են: Գոնե էս կառավարությունը բյուջե բացի՝ մեզ փող տա»:

Խաղողագործի մտահոգությունները` տեսանյութում

Մինչ գյուղնախարարը կլսեր քաղցրաշենցիներին, կառավարության նիստի ընթացքում նրանք շենքի առաջ վանկարկում էին` «վար-չա-պետ, վար-չա-պետ»:

xaxox-1 xaxox
Ավելի ուշ տեղեկացանք, որ Իգնատի Առաքելյանի հետ հանդիպումը տեղի է ունեցել: Ինչպես հայտնում են գյուղնախարարության լրատվական ծառայությունից հանդիպման ընթացքում նախարարը խնդրի լուծման նպատակով առաջարկել է ընկերության տնօրենին վաճառել պահեստավորված սպիրտը եւ վճարել գյուղացիների պարտքերը, ինչին Ավետիք Գալստյանը դրական է արձագանքել:
ignati-araqelyan«Գյուղացիներին ունեցած պարտքերը անհրաժեշտ է վճարել առաջնահերթ»,- իր խոսքում նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: Ըստ նույն աղբյուրի,
գյուղացիները նշել են, որ ունեն վարկային պարտավորություններ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» -ում, գումարները չստանալու պատճառով չեն կարողանալու կատարել առաջիկա ամսվա վճարումները և խնդրել են այդ հարցում նույնպես աջակցել:

Նախարարը գյուղացիների ներկայությամբ հեռախոսազրույց է ունեցել բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի հետ և խնդրել է քննարկել մինչև վերոնշյալ գործարքի կնքումը գյուղացիների վարկերի հետաձգման հնարավորությունը:

Հանձնարարվել է նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին վերահսկողություն իրականացնել նշված գործընթացի նկատմամբ, որպեսզի «Վինար» ընկերությունը սեղմ ժամկետներում վճարի գյուղացիների պարտքերը:

Նախարարը նաեւ նշել է, որ այդ գործընթացի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի համայնքապետերին ` գյուղացիներին իրազեկելու նպատակով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31