Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ կառավարությունը նորից կվերանայի Հարկային օրենսգիրքը:
Հարկային օրենսգրքի վերաբերյալ թե տնտեսագետները, եւ թե գործարարները մտահոգություն են հայտնում, 2018-ից ուժի մեջ այս օրենսգիրքը լուրջ վնասներ կհասցնի բիզնեսին, ֆինանսական բեռն է ավելանում: Այս առնչությամբ Տարասյանն ասաց. «Մեզ շատ մտահոգություններ են հասել, աշխատում ենք: Եվ հիմա մեր նախարարությունը Հարկային օրենսգրքի վերլուծություններ է անում, թե որ ուղղություններն են, որ կարող են տնտեսական աճի ապահովման բնագավառում որոշակի խոչընդոտներ առաջացնել»:
Արդյոք օրենսգիրքը նորից փոփոխության կենթարկվի՞, փոխնախարարն այս առնչությամբ էլ նշեց, որ չի կարող ասել՝ կփոփոխվի՞, թե՝ ոչ. «Որովհետեւ նախաձեռնողն ու հիմնական ներկայացնողը ֆինանսների նախարարությունն է, մեր նախարարության կողմից՝ ելնելով նրանից, թե որոնք կլինեն կառավարության ծրագրի առաջնահերթությունները, մենք կվերանայենք: Եթե Հարկային օրենսգիրքը կլինի համահունչ կառավարության նոր ծրագրին, ապա կթողնվի, եթե որոշակի փոփոխությունների կարիք կլինի, նոր նախաձեռնությամբ հանդես կգանք»:
Լրագրողներից մեկի հարցին՝ կարո՞ղ է նշել մի դրույթ, որն ըստ իրեն մտահոգիչ է, Տարասյանն այսպես պատասխանեց. «Օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներից կա ահազանգ, որ բարձր վարձրատրվող կադրերի համար եկամտահարկի նոր շեմը կարող է հանգեցնել նրան, որ մասնագետները կարող են թողնել ու երկրից հեռանալ:Այդ մտավախություններն այս պահին քննարկվում են, պետք է հաշվառենք, թե քանի սուբյեկտի մասին է խոսքը: Եթե դա իրոք ծավալուն խնդիր է, միգուցե փոփոխության հարց կլինի»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ