10 օր առաջ Սլավոնական համալսարանի մոտ երիտասարդ մի տղա պատանդ էր վերցրել ուսանողուհիներից մեկին՝ դանակը դնելով նրա պարանոցին ու սպառնալիքներ հնչեցնելով։
Ոստիկանության տարածած տեսանյութից պարզ դարձավ, որ երիտասարդը Շիրակի մարզի Ազատան գյուղի 34-ամյա բնակիչ Վահագն Ամոյանն է, որը կալանավորվել է ու այս դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հոկտեմբերի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով՝ (Ազատությունից ապօրինի զրկելը), ստեղծվել է քննչական խումբ։
Aravot.am-ի հետ զրույցում Ազատան գյուղի բնակիչներն ասացին, որ զարմացած են կատարվածից, երբեք չէին պատկերացնում, որ Վահագն Ամոյանը կարող էր դիմել նման քայլի։ Ըստ ազատանցիների, երիտասարդը բնակվում է մոր հետ, մայրն էլ կիրթ, շնորհքով կին է, որը զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով, աշխատում է դաշտերում։
Կարդացեք նաև
«Մայրը ցնցված է, մի քանի օր է՝ աշխատանքի չէր գալիս, հետո իմացանք, որ նման դեպք է եղել։ Ինչքան տեղյակ ենք, տղան առողջական խնդիրներ չունի, ուղղակի ինքնամփոփ է, նրա մեծ եղբայրն էլ ինքնասպան եղավ Յակուտիայում, մի ամիս կորել էր, հետո տայգայի մեջ գտել էին կախված։ Իրենց ազգը հեղինակավոր ազգ է, կիրթ, գրագետ մարդիկ կան այդ ազգում. Յակուտիայի հայերի միության նախագահն իրենց ազգից է, հորեղբոր թոռն է իրենց, հորեղբոր տղաները լուրջ, գործարար տղաներ են, զարմանում, մնում ես՝ ի՞նչ կարող էր անցնել մտքով, որ նման բան աներ։ Գիտենք, որ այս տղան էլ աղջկա համեստություն ուներ, ուղղակի զբաղմունք չուներ, դպրոցն ավարտելուց հետո չի սովորել, չի աշխատել:», – մեզ փոխանցեցին Ազատան գյուղից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ ոստիկանության պաշտոնական կայքից