«Պահանջում ենք ազատություն մեր տղաներին», «Օրինազանց Գ. Մանուկյան, բարի եղեք ներկայանալ դատին», «Հուլիսի 19-ին Սարի թաղում անօրինական ձերբակալություններ». Այսպիսի ցուցապաստառներով այսօր Սարի թաղի բնակիչները նախագահի նստավայրի մոտ բողոքի ցույց էին կազմակերպել եւ պահանջում էին Սարի թաղի դեպքերի ժամանակ կալանավորված իրենց հարազատներին համաներմամբ ազատ արձակել: Նրանք վստահեցնում էին, որ հուլիսի 19-ին կալանավորված տղաները որեւէ կապ չունեն «Սասնա ծռեր» խմբի հետ, պարզապես ոստիկաններին մոտեցել են` բողոքելու, որ գազ չունեն, լույս չունեն, ջուր չունեն:
Ցուցարարներին նախագահականից մոտեցան եւ հրավիրեցին ներս` բողոքը լսելու:
Մոտ 15-20 րոպե անց նախագահի վերահսկողական ծառայությունից Մինասյանը ցուցարարներին հայտնեց. «Հարգելիներս, արդեն զեկուցված է, մի հատ էլ գրավոր ներկայացրեք, մենք նորից կտանք ղեկավարությանը»:
Կարդացեք նաև
Ցուցարարներից մեկն ասաց, որ դիմումներ են գրել դատախազությանը. «Բայց մենք այնտեղից հույս չունենք, ինչ անելու են, այստեղից են անելու»:
Մինասյանը պատասխանեց. «Ամեն դեպքում իրավապահ մարմիններն են քննությունը կատարում, այստեղ հո քննություն կատարող չե՞ն: Մեր ղեկավարությունը կհանձնարարի, ինչ կասի, մենք կանենք»:
Ցուցարարները փորձեցին հասկանալ, թե ինչ ակնկալիք կարող են ունենալ. «Բոլորը` թե՛ կառավարության շենքում, թե՛ Ազգային ժողովում մեզ բարեհամբույր ընդունում են, բայց գործը տեղից ոչ մի ձեւ չի շարժվում»:
Նախագահականի պաշտոնյան պատասխանեց. «Մենք կզեկուցենք, դա արդեն ղեկավարությունն է որոշում, մենք չենք կարող ասել: Դուք գրեք` բերեք»:
Ցուցարարները նաեւ ճշտեցին` դիմում-բողոքը գրելուց ու զեկուցելուց հետո ե՞րբ կարող են պատասխան ստանալ. «Մենակ չասեք՝ 15-20 օր»:
Պարոն Մինասյանը պատասխանեց, որ «ղեկավարությունը ինչ կհանձնարարի` այն էլ կանենք»:
Ցուցարարները զգուշացրեցին` «Եթե պատասխանը մեզ չբավարարեց` պայքարելու ենք մինչեւ վերջ»:
Մինասյանն էլ արձագանքեց. «Պայքարեք, դա ձեր իրավունքն է, ձեզ ոչ մեկը բան չի ասի»:
Ցուցարարները հավելեցին, որ մյուս ցույցին գալու են մեծ քանակով, այնքան են բողոքելու, մինչեւ նախագահն իրենց լսի եւ իրենց խնդրանքը կատարի` տղաներին ազատ արձակելով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ