Լրահոս
Օրվա լրահոսը

«Ե՞րբ է գալու մեր պապան». Սարի թաղցիները նախագահականի մոտ ցույց են անում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 13,2016 15:34

Այսօր նախագահի նստավայրի մոտ Սարի թաղի բնակիչները բողոքի ցույց էին անում` պահանջելով ազատ արձակել Սարի թաղի դեպքերի ժամանակ ձերբակալված իրենց հարազատներին:

Ցուցարար Լալա Բեռնեցյանի խոսքերով` «Իմ ամուսնուն` Էդուարդ Զեյթունյանին ձերբակալել են: Խնդրում ենք, որ նախագահը վերանայի 9 հոգու հոդվածները` 316 հոդվածի երկրորդ մասի մեղադրանք է դրված ծանրացուցիչ, իրենք այդ մեղքը, հանցանքը չեն կատարել: Տեսանյութերում պարզ, հստակ երեւում է՝ ով ինչ գործողություն է կատարում»:

Թե ինչ էր անում Էդուարդ Զեյթունյանն այդ գիշերը Սարի թաղում` կինը պատասխանեց. «Գնացել էր լույսի, գազի, ճանապարհների համար բողոքելու: Ավտոբուս չէր աշխատում, գազ չկար, ջուր չկար այդ շոգ եղանակին, լույսն էլ պարբերաբար անջատում-միացնում էին: Բոլորովին կապ չեն ունեցել նրանք «Սասնա ծռերի» հետ: 9 հոգուց ոչ մեկը հանցագործ չի եղել, լավ բնութագրեր ունեն թաղայինների կողմից: 2 ամսվա կալանքի ժամկետն անցել է, ոչ ազատ են արձակում, ոչ էլ դատական նիստն է շարունակվում: Մեր գործով դատախազը` Գարիկ Մանուկյանը չի գալիս նիստերին: Առաջին անգամ պատճառաբանել է, որ վերապատրաստման դասընթացների է, երկրորդ անգամ դատարանը մեզ ոչինչ չասաց»:

Նա վստահեցրեց, որ Սարի թաղի կալանավորված 9 տղաների գործողություններից ոչ մի ոստիկան չի տուժել, ներկայացնում են, իբր տուժողները 6-ն են, բայց դատարանի դահլիճում 11-12 հոգուց ավելի նստած են. «Դատարանում նստած են առողջ, դատարանի դահլիճից դուրս գալուց հետո 3 վայրկյանում անհետանում են, որպեսզի հարց չտանք: Հարց ենք տալիս` դու կարո՞ղ ես որպես վկա մատնանշել մի մարդ, որ քեզ քարով հարվածել է` չկա նման մարդ: Չկա տուժած, ոչ էլ վկա: Տղաները հանցագործություն չեն կատարել»:

Մեր հարցին` ինչի՞ համար պետք է ուզենան ճաղերի ետեւում պահել, երբ ոչ մի քաղաքական դրդապատճառ չկա դրա հետեւում` նա պատասխանեց. «Ես չգիտեմ ինչն է պատճառը, որ կենտրոնացել են պատկան մարմինները հենց այս 9 հոգու վրա»:

Կինը վստահեցրեց, որ որքան էլ տեսանյութում երեւում է, որ քարեր են նետվում ոստիկանների ուղղությամբ, իր ամուսինը քար չի նետել. «Պահանջում ենք համաներում լինի, մեր ամուսիններին ազատ արձակեն: Երեկ նախագահի ելույթը տեսանք, որ հպարտանում է հայ երեխաներով: Բայց այդ նույն 9 կալանավորված մարդկանց ընտանիքներում էլ կան անչափահասներ: Պարո’ն նախագահ, ի՞նչ հիմքեր ունեք, որ վաղը նույն ձեւով մեր երեխաները Հայաստանի պատիվը բարձր չեն պահելու: Բայց այդ երեխան եթե չմեծանա առողջ ընտանիքում, չենք կարծում, որ հասարակության նորմալ մարդ կլինեն: Մեր երեխաները հայրիկների դաստիարակություն չեն ստանում»:

Կինը պատմեց, որ երբ տեսակցություն են ունենում քրեակատարողականում, հոգեկան ծանր ապրումներով դուրս են գալիս երեխաները. «Դրա համար մտածում ենք՝ ավելի լավ է չտեսնի հորը, քան թե այդպիսի ապրումների մեջ ընկնի: Խնդրում ենք փոխեն հոդվածները եւ համաներմամբ ազատ արձակեն: Թող վերանայեն: Նրանք ունեն առողջական լուրջ խնդիրներ, իմ ամուսինը կոնկրետ ունի ճնշման խնդիր, սրտի խնդիր, ողնաշարի խնդիր: Մինչեւ չեմ ահազանգում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ` բժիշկ չեն ուղարկում»:

Էդուարդ Զեյթունյանի քույրը՝ Լուսինե Բալաբանյանն էլ բողոքում էր, որ եղբայրը ընտանիքի միակ աշխատող ձեռքն է, անչափահաս երեխա ունի, երեխաները հարցնում են՝ «Ե՞րբ է գալու մեր պապան, պատասխան չունենք: Ամսի 25-ին կալանքի ժամկետը լրացել է, մինչեւ այսօր անօրինական պահում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31