Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Օֆշորի գործով» Փայլակ Հայրապետյանը կդիմի Կարեն Կարապետյանին

Հոկտեմբեր 13,2016 15:28

Գործարար Փայլակ Հայրապետյանն իր գործով մտադիր է դիմել վարչապետ Կարեն Կարապետյանին:

«Ես դատին եմ սպասում, տեսնենք`ի՞նչ ընթացք է ստանում: Սա չդիմելու բան չի: Ես իմ ունեցածը`33 միլիոն դոլարի, ներդրել եմ, որպեսզի տասը հազար բանվոր աշխատի: Արդյունքն եղավ այն, որ էդ գումարները գնաց նախկին վարչապետի, Կճոյանի օֆշորային հաշիվներին, հետ եկավ ստեղ`սկսեցին իրար նվերներ առնել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը՝ պատասխանելով հարցին`վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում խոսեց մանր գողությունների մասին, կարծում եք մեծ գողությունների՞ն էլ ուշադրություն կդարձնի`ի դեմս ձեր գործի:

Հիշեցնենք, գործարար Փայլակ Հայրապետյանը մեղադրում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին եւ գործարար Աշոտ Սուքիասյանին`խաբեությամբ եւ կեղծարարությամբ իր ունեցվածքը խլելու մեջ: Խոսքը հայտնի օֆշորային սկանդալի մասին է:

Նոր վարչապետը խոսել էր Հայաստանում արդյունաբերությունը զարգացնելու մտադրության մասին: Փայլակ Հայրապետյանը նման ցանկությունը շատ կարեւոր հանգամանք է համարում: Ինքն էլ առաջարկներ ունի`թեթեւ արդյունաբերությունը վերակենդանացնելու մասով. «30 տարի այդ ճյուղում եմ աշխատել: Դա պետության համար առաջնային ճյուղ է, քանի որ այդ ոլորտում ներդրված գումարը առավելագույնը հինգ ամսից ետ է գալիս: Եվ շրջանառությունն է մեծ, եւ պահանջը կա: Ճիշտ է, որոշ ձեռնարկություններ թալանվել են, բայց թեթեւ արդյունաբերությունը զարգացնելու հնարավորություն կա, քանի որ եղել են նաեւ ողջամիտ մարդիկ, ովքեր պահպանել են ձեռնարկությունները: Զարգացնել է պետք»:

Փայլակ Հայրապետյանն այլ գործարարների հետ դիմել է Կարեն Կարապետյանին`Հայաստանում բամբակագործությունը զարգացնելու համար: Դա, ըստ նրա, գյուղերում զբաղվածության հարց կլուծի, կունենանք ավելի էժան հումք, ապրանքն էլ ավելի մատչելի կլինի:

ծԳործարարը ապրանքի սպառման տեղն էլ է մատնացույց անում`բանակը, կալանավայրերը, հիվանդանոցները, հյուրանոցները: «Հայկական կոշիկը միշտ լավագույնն է եղել, հիմա էլ բարձր որակի է, ինչո՞ւ չկազմակերպել»,- ասում է գործարարը`հույսեր կապելով Կարեն Կարապետյանի հետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31