Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ էներգետիկ քաղաքականությունն Արևելյան գործընկերության համատեքստում

Հոկտեմբեր 13,2016 13:10

Աշոտ Եղիազարյան

Տնտեսագիտության դոկտոր                                                                              

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական

ինստիտուտի ասոցացված փորձագետ

 Եվրոպական միության (ԵՄ) տնտեսական հզորացման հետ միասին աճում են նրա էներգետիկ պահանջմունքները և ներմուծումը: Միաժամանակ, արևելք ընկած հետխորհրդային տարածաշրջանի երկրները ձգտում են օգուտներ ստանալ էներգառեսուրսների արտահանումից, տարանցումից և բարելավել իրենց էներգետիկ հնարավորությունները: ԵՄ-ի և արևելյան հարևանների միջև համագործակցությունը կարող է նպաստել կանխատեսելի և թափանցիկ էներգետիկ շուկաների ստեղծմանը, որոնք ընդունակ կլինեն խթանել ներդրումները և տնտեսական աճը, ինչպես նաև` բարձրացնել էներգիայի մատակարարումների անվտանգության մակարդակը: Այս առումով պատահական չէ, որ ԵՄ-ը զգալի դրամաշնորհներ է տրամադրում այդ երկրների էներգետիկ սեկտորների զարգացման համար: ԵՄ-ի և Արևելյան Գործընկերության (ԱլԳ) երկրների էներգետիկ շահերի միջև գոյություն ունի զգալի սիներգիա, ինչը ԵՄ-ի և Գործընկերության երկրների համագործակցության ընդլայնման հեռանկարային հնարավորություններ է ապահովում:

ԱլԳ շրջանակներում էներգետիկ ենթակառուցվածքների և էներգետիկ անվտանգության հարցերը շարունակում են մնալ որպես Գործընկերության երկրների հետ ԵՄ-ի համագործակցության կարևորագույն բաղադրիչներից մեկը: Այս նպատակով 2009թ. մայիսին ԱլԳ-ի գագաթաժողովում որոշվեց ստեղծել էներգետիկ անվտանգության գծով թեմատիկ հարթակ (Պլատֆորմ 3)[1]: Էներգետիկայի ոլորտին կարևոր նշանակություն է տրվել նաև ԱլԳ-ի 2015թ. մայիսի 21-22-ը տեղի ունեցած Ռիգայի գագաթաժողովում: Գագաթաժողովի մասնակիցների կողմից ստորագրված հռչակագրում կողմերը հաստատել են իրենց շահագրգռվածությունն էներգետիկ անվտանգության ամրապնդման, կայունության և մրցունակության, ինչպես նաև` մատակարարումների դիվերսիֆիկացման հարցում: Նրանք հաստատել են նաև էներգետիկայի բնագավառում երկկողմանի և բազմակողմանի համագործակցությունը խորացնելու իրենց մտադրությունը[2]: Գագաթաժողովը ողջունել է էներգետիկ ենթակառուցվածքի խոշոր նախագծերի հարցում ձեռքբերված առաջընթացը` կարևորելով Ադրբեջանի, Վրաստանի և այլ երկրների դերը Հարավային գազային միջանցքի կայացման հարցում:

Մինչև վերջերս ԵՄ-ին չէր հաջողվում ունենալ գործող միասնական էներգետիկ ռազմավարություն: Էներգետիկայի ոլորտում քաղաքականությունը համարվել է ազգային պետությունների իրավասության հարց: Սակայն վերջին տարիներին միասնական էներգետիկ քաղաքականության մշակման և իրականացման ջանքերի ակտիվացում է նկատվում` ինչպես ԵՄ-ի ներսում, այնպես էլ միավորման մեջ չմտնող երկրների հետ հարաբերություններում:

2014թ. Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն առաջարկեց ստեղծել Էներգետիկ միություն, այդ թվում` Ռուսաստանի հետ էներգետիկ բանակցությունների համար միասնական մեխանիզմ` շեշտը դնելով էներգիայի խնայման ենթակառուցվածքի և մատակարարների դիվերսիֆիկացիայի վրա: Նոր Եվրոպական հանձնաժողովն արագ վերցրեց էներգետիկ միության ստեղծման գաղափարը: 2015թ. փետրվարի 25-ին Եվրոպական հանձնաժողովն ընդունեց Էներգետիկ միության ռազմավարությունը[3]: 2015թ. մարտին Եվրոպական խորհուրդը հավանություն տվեց Էներգետիկ միության ստեղծմանը:

ԵՄ-ի Էներգետիկ միությունը ենթադրում է ներքին էներգետիկ շուկայի այնպիսի ինտեգրում, երբ արտաքին էներգետիկ քաղաքականությունը պարզապես կլինի դրա բնական շարունակությունը: ԱՄՆ-ում վիթխարի քանակությամբ հեղուկ գազի արտադրության և Իրանից պատժամիջոցների հանման արդյունքում ձևավորվել է նոր գլոբալ էներգետիկ կոնտեքստ, որում ԵՄ-ը պետք է հաշվեկշռի իր ներքին էներգետիկ նախաձեռնությունները երկարաժամկետ արտաքին ռազմավարության հետ:

Միության ստեղծումն առայժմ ենթադրում է պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, որոնց կնքման համաձայնեցումը Եվրահանձնաժողովի հետ դեռ պարտադիր չէ: Բայց նախատեսվում է, որ շուտով այդ գործընթացը պետք է համապատասխանեցվի ԵՄ-ի միասնական կանոններին: Դա նշանակում է գազի ներմուծման հետ կապված հարցերում ԵՄ-ի երկրների անկախության վերացում: Միաժամանակ, դա ԵՄ-ի և նրա անդամ երկրների բանակցային դիրքերի ամրապնդումն է էներգառեսուրսների արտաքին մատակարարների նկատմամբ: Այսինքն, ստեղծվում է էներգետիկ միություն, որը մեկ ձայնով է խոսում գլոբալ մակարդակում[4]:

Էներգետիկ միության նպատակը եվրոպական էներգետիկ շուկայի պաշտպանությունն է աշխարհաքաղաքական ռիսկերից: Վերջիններս հիմնականում կապված են այն երկրների հետ, որոնք հնարավորություն ունեն արտադրել էներգառեսուրսներ և դրանք օգտագործել որպես քաղաքական ազդեցության գործիքներ: Հասկանալի է, որ խոսքը նախ և առաջ վերաբերում է Ռուսաստանի հետ ԵՄ-ի միասնական գազային քաղաքականության մշակմանը: Ռուսաստանն իր քաղաքական նպատակներին բազմաթիվ անգամ փորձել է հասնել ԵՄ-ի դեմ էներգետիկ լծակների կիրառման միջոցով: Այս խնդիրը ԵՄ-ի համար արդիական դարձավ 2006թ. և 2009թ. ուկրաինա-ռուսական գազային ճգնաժամի ժամանակ, հատկապես սրվեց 2014թ. Ուկրաինայի շուրջ ռուս-ուկրաինական ռազմական առճակատման հետևանքով:

Մյուս գործոնը, որը Բրյուսելին ստիպեց լրջորեն զբաղվել այս խնդրով, Ռուսաստանի հրաժարումն է Էներգետիկ խարտիայի պայմանագրի վավերացումից, ինչը ԵՄ-ին զրկում է այդ երկրի տարածքով Ղազախստանից և Թուրքմենստանից նավթ և գազ ներմուծելու հնարավորությունից:

1991թ. Ռուսաստանը ստորագրել է Եվրոպական էներգետիկ խարտիան, իսկ 1994թ.` Էներգետիկ խարտիայի պայմանագիրը և դրան կից՝ էներգետիկ արդյունավետության և համապատասխան էկոլոգիական ասպեկտների հարցերով արձանագրությունը: Սակայն Մոսկվան օգտագործել է միայն պայմանագիրը ժամանակավորապես կիրառելու պրակտիկան: 2009թ. Ռուսաստանը հրաժարվեց նաև դրա ժամանակավոր կիրառումից և կազմակերպությանն անդամավճարներ տալուց, հայտարարեց պայմանագրի կողմ չդառնալու մտադրության մասին և ներկայացրեց «էներգետիկ ոլորտում միջազգային համագործակցության նոր իրավական բազայի հայեցակարգային մոտեցումը», որի հիման վրա 2010թ. նոյեմբերին պատրաստվեց «Միջազգային էներգետիկ անվտանգության ապահովման կոնվենցիան»[5]: Էներգետիկ խարտիայում Ռուսաստանի կարգավիճակը և կազմակերպությունում հետագա մասնակցության հեռանկարները մնում են անորոշ:

1990-ական թվականներին Ռուսաստանն Էներգետիկ խարտիայի հետ համագործակցության ճանապարհով փորձում էր ձեռք բերել արևմտյան ներդրումներ և տեխնոլոգիաներ, որոնք անհրաժեշտ էին նավթի և գազի արդյունահանման խորհրդային ժամանակաշրջանի մակարդակների վերականգնման համար: Եվրոպական երկրներն իրենց հերթին ձգտել են երաշխավորել էներգիայի մատակարարումների կայունությունը և աջակցել շուկայական գնագոյացմանն արևելյան ուղղությամբ: Այդ ժամանակ պայմանագիրն ընկալվում էր որպես «ներդրումների ապահովում Արևելքի համար` Արևմուտքի համար մատակարարումների հուսալիության փոխարեն»[6]:

Վերջին տարիներին Ռուսաստանը հայտարարեց ԵՏՄ-ի նախագծի շրջանակներում ընդհանուր էներգետիկ շուկա և էներգետիկ միություն ստեղծելու մտադրությունների մասին: 2014թ. մայիսին ստորագրված ԵՏՄ պայմանագիրը ենթադրում է մասնակից երկրների էներգետիկ քաղաքականության համակարգում և ընդհանուր էներգետիկ շուկաների փուլային ձևավորում: Հայտարարվում է, որ այդ կերպ հնարավոր կլինի ապահովել շուկայական գնագոյացում, մրցակցություն, վարչական և տեխնիկական արգելքների վերացում, ներդրումների համար բարենպաստ պայմաններ, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացում, ազգային նորմերի և տեխնոլոգիական ու առևտրային ենթակառուցվածքների գործունեության կանոնների ներդաշնակեցում:

Եթե էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան պլանավորվում է ստեղծել 2019թ., ապա նավթի/նավթամթերքների և գազի շուկան` 2025թ., ինչը վկայում է նախագծի գերքաղաքականացվածության և Մոսկվայի կողմից էներգակիրներով աղքատ իր “դաշնակից երկրների” նկատմամբ անհավասար և խտրական վերաբերմունքի մասին: Միայն 2025թ. հետո պետք է որոշվեն և լուծվեն Ռուսաստանի նավթագազային խողովակաշարային համակարգերի նկատմամբ միասնական մուտքին և մաքսային-սակագնային կարգավորման ընդհանուր կանոններին առնչվող հարցերը: Մինչ դրանց ստեղծումը ԵՏՄ երկրները կղեկավարվեն գործող երկկողմանի համաձայնագրերով:

Հայաստանի պարագայում այդ համաձայնագրերի խտրական և շահագործող բնույթն ակնհայտ է: Ներկայումս Հայաստանի սպառողները գազի և նավթամթերքների համար վճարում են չափազանց բարձր գին, ինչը պայմանավորված է հայկական շուկայում Գազպրոմ և Ռոսնեֆտ ռուսական ընկերությունների մենաշնորհ կարգավիճակով: Ստեղծված իրավիճակում Էներգետիկ խարտիայի պայմանագրի դերը ԵՏՄ-ում պարզ չէ (ԵՏՄ պայմանագրի տեքստում Խարտիայի պայմանագրին ուղղակի հղումներ չկան): Ներկայումս Ղազախստանը, Ղրղզստանը և Հայաստանը Էներգետիկ խարտիայի պայմանագրային կողմ են, Բելառուսն այն կիրառում է ժամանակավոր հիմքի վրա, իսկ Ռուսաստանը հրաժարվել է նաև դրա ժամանակավոր կիրառումից: Ռուսաստանի կողմից իրականացվող այսպիսի էներգետիկ քաղաքականությունն ուղղված է Եվրոպայի հետ ԵՏՄ անդամ երկրների էներգետիկ համագործակցության խափանմանը: Սակայն հատկանշական է, որ Ղազախստանը մտադիր էլ չէ հրաժարվել Էներգետիկ խարտիայի հետ համագործակցությունից:

2014թ. նոյեմբերին Աստանայում կայացավ “Էներգետիկ խարտիայի 25-րդ համաժողովը”, որտեղ ստորագրվեց համաշխարհային էներգետիկայի համար կարևոր «Աստանյան ճանապարհային քարտեզ» փաստաթուղթը: Այն որոշակիացրեց Էներգետիկ խարտիայի զարգացման նոր ռազմավարությունն առաջիկա հինգ տարիների համար (26-րդ համաժողովը տեղի ունեցավ 2015թ. դեկտեմբերին Թբիլիսիում, իսկ 27-րդը տեղի կունենա Տոկիոյում` 2016թ. նոյեմբերին)[7]: Իսկ մինչ այդ՝ 2016թ. մարտի 17-ին, Բրյուսելում տեղի ունեցավ «ԵՄ համագործակցությունն էներգետիկ ոլորտում Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրների հետ» բարձր մակարդակի միջոցառումը:

Էներգետիկ խարտիայի պայմանագիրն ընդգրկում է գործունեության բոլոր ձևերը` արտադրող երկրներից մինչև սպառողներ` շոշափելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են էներգիայի օգտագործումը և էներգաարդյունավետությունը: Պայմանագրի պայմանների կատարումը պարտադիր է: Այն ԱլԳ երկրների և, մասնավորապես, Հայաստանի համար հնարավորություն է` էներգետիկ ոլորտի մարտահրավերներին դիմակայելու և էներգետիկ անվտանգությանն առնչվող խնդիրները լուծելու հարցում:

Ռուսաստանը մշտապես հանդես է եկել Էներգետիկ խարտիայով ամրագրված տարանցման ազատության սկզբունքի դեմ, քանի որ այն պահանջում է պարտադիր մուտքի տրամադրում երրորդ կողմին՝ Ռուսաստանով անցնող խողովակաշարերի նկատմամբ: 2000թ. “Գազպրոմը” հսկայական եկամուտներ էր ստանում կենտրոնասիական էժան գազի վերավաճառքից, քանի որ երրորդ կողմի համար արգելված էր մուտքը դեպի ռուսական խողովակաշարեր: Սակայն այդ քաղաքականությունն ի վերջո հանգեցրեց Ռուսաստանը շրջանցող այլ խողովակաշարերի կառուցմանը: Մյուս կողմից, Ռուսաստանն էներգառեսուրսներ է արտահանում իր հարևան, նախկին խորհրդային հանրապետությունների տարածքով: Մոսկվան շատ զգայուն է այդպիսի կախվածության նկատմամբ և ձգտում է էներգակիրների արտահանումն ապահովել կամ իր տարածքով կամ էլ այդ երկրներին իր հսկողության տակ բերելով: ԵՏՄ ստեղծման նախաձեռնության հիմքում ընկած է նաև այս հանգամանքը:

Հատկանշական է, որ ԱՊՀ շրջանակներում Ուկրաինան դեռևս 2013թ. առաջարկել է ԱՊՀ երկրների խողովակաշարային տրանսպորտով տարանցման ազատության մասին (Էներգետիկ խարտիայի պայմանագրի դրույթներին համապատասխան) համաձայնագիր ստորագրել` ռուսական համակարգի նկատմամբ մուտքի հավասար իրավունքներ ենթադրելով: Ռուսաստանն այդ առաջարկությունը չի պաշտպանել` պատճառաբանելով, որ ինքն Էներգետիկ խարտիայի պայմանագրի կողմ չէ, իսկ ոչ խտրական մուտքը և սակագների ձևավորման հարցը կարող են կարգավորվել փաթեթային երկկողմանի պայմանավորվածությունների հիման վրա:

Մոսկվան Էներգետիկ խարտիայի պայմանագրային սկզբունքներից խույս է տվել նաև այլ պատճառներով: Օրինակ, ենթադրվում էր, որ պայմանագրով ամրագրված տարանցման կանոնների և պրակտիկայի թափանցիկությունը նպաստում են մրցակցության սրմանը, ինչը կարող է հանգեցնել գների իջեցմանն արտաքին շուկայում և Ռուսաստանի կողմից այդ շուկայի մի մասի կորստին[8]: Մյուս կողմից, պայմանագիրը ենթադրում է ներքին և արտահանման/ներմուծման սակագների հավասարություն, ինչը Ռուսաստանի համար կհանգեցնի տարանցումային մատակարարումների վրա ներքին արտոնյալ պայմանների տարածման կամ ներքին սակագների բարձրացման: Այն իր հերթին կավելացնի սպառողների բեռը և գազի անկախ մատակարարների համար կվատթարացնի պայմանները: Ռուսաստանում կար նաև ընկալում, որ պայմանագիրն ուղղված է դեպի եվրոպական երկրներ ռուսական գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրային համակարգի փլուզմանը:

Ռուսաստանից կախվածության նվազեցման և էներգիայի մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման տեսանկյունից ԵՄ-ի համար գերակա է եղել Կովկասյան էներգետիկ միջանցքի զարգացումը: Հարավային Կովկասը դիտվում է որպես տարանցիկ տարածք` Կենտրոնական Ասիայից Եվրոպա էներգակիրների արտահանման համար: Այդ նպատակով ԵՄ-ն աջակցել և աջակցում է Հարավային Կովկասով անցնող նոր նավթամուղների և գազամուղների կառուցման նախագծերին:

Էներգետիկ ոլորտում Ադրբեջանի և Վրաստանի հետ ԵՄ-ի համագործակցությունն ունի ավելի քան քսան տարվա պատմություն: Այդ երկրների էներգետիկ ենթակառուցվածքները հիմնականում առանձնացված են ռուսականից: Եվրոպական շուկային ինտեգրման առումով ԵՄ-ին հաջողվել է որոշակի առաջընթաց գրանցել Վրաստանի էներգետիկ համակարգում: Ադրբեջանը դիտվել է Ռուսաստանին որպես այլընտրանքային՝ էներգակիրներ արտադրող երկիր:

Տարածաշրջանային նախագծերի մակարդակում Հայաստանին ավելի քիչ ուշադրություն է դարձվել, ինչը պայմանավորված է եղել ռուսական “Գազպրոմ”-ից Հայաստանի կախվածությամբ, էներգետիկ ռեսուրսների աղքատությամբ, ինչպես նաև` Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ վարվող խտրական քաղաքականությամբ: Ըստ էության, Հայաստանը գտնվում է խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած էներգետիկ տարածությունում: Վերջինս Ռուսաստանից ստանում է գազ, նավթամթերք և միջուկային վառելիք, ինչն ամրապնդում է Մոսկվայի էներգետիկ ներկայացվածությունը և պայմանավորում նրա հետաքրքրությունները Հարավային Կովկասում: Ռուսաստանը ոչ կառուցողական դեր է խաղում Հարավային Կովկասի էներգետիկ տարածությունում, ինչը Հայաստանը դարձնում է ավելի փակ՝ եվրոպական նորմերի ու չափանիշների ներդրման և ԵՄ-ին մերձեցման համար:

Բայց Իրանի վրայից պատժամիջոցների հանումն էապես փոխել է գլոբալ վիճակը, մասնավորապես, Եվրոպա գազի մատակարարումների դիվերսիֆիկացիայի հեռանկարների տեսանկյունից: Նոր իրավիճակում Հայաստանը կարող է նոր դեր ստանալ, ընդհուպ դառնալ տարանցումային երկիր իրանական գազը Եվրոպա տեղափոխելու ճանապարհին: Իրանի նավթագազային հատվածում պատրաստվում են ներդրումներ կատարել Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ: Հաշվի առնելով Հարավային Կովկասում եվրոպական առաջատար այս երկրների շահերը` նոր վիճակը կարող է նպաստել Հայաստանի ինտեգրմանը եվրոպական էներգետիկ տարածությանը:

 

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

 

 

[1] Решение проблем энергетики: сотрудничество между ЕС и его восточными соседями, 13-04-2012, https://www.enpi-info.eu/maineast.php?id_type=3&id=289

[2] Совместная декларация саммита Восточного партнерства (Рига, 21-22 мая 2015г.), https://enpi-info.eu/main.php?id=41011&id_type=1&lang_id=471

[3] Energy Union Package: Communication from the commission to the European Parliament, the Council, the European economic and social committee of the regions and the European Investment Bank, European commission, Brussels, 25.2.2015 COM(2015) 80 final, https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/PDF/?uri=CELEX:52015DC0080&from=en

[4] Europe unchained: new realities for external energy policy, Jarostaw Wisniewski, 13th August, 2015, https://www.ecfr.eu/article/commentary_europe_unchained_new_realities_for_external_energy_policy3097

[5] Секретариат Хартии провел сравнительный анализ ДЭХ и проекта Конвенции,

https://www.energycharter.org/fileadmin/DocumentsMedia/Occasional/Russia_and_the_ECT_ru.pdf

[6] Селиверстов С.С. Проект конвенции по обеспечению международной энергетической безопасности-Новый энергетический миропорядок?/Юрист, 2011, №11, https://www.mgimo.ru/publications/?id=212113

[7] Energy Charter Conferences, https://www.energycharter.org/who-we-are/energy-charter-conference/meetings/27th-energy-charter-conference/

[8] Всестороннее исследование рисков и преимуществ для РФ от участия в Энергетической Хартии, Периодическая публикация Секретариат Энергетической Хартии, Центр Знаний 2014, https://www.energycharter.org/fileadmin/DocumentsMedia/Occasional/Russia_and_the_ECT_ru.pdf

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31