Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. Տնտեսվարողները հաջորդ տարի այն գումարները, որոնք պետք է վաստակեին որպես եկամուտ, չեն ստանա. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 13,2016 12:19

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 1.9 տոկոս գնանկում։ Սակայն տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով արձանագրված գնանկումը վկայում է այն մասին, որ ՀՀ քաղաքացիները սկսել են ավելի վատ ապրել, մարդկանց գնողունակությունը, ինչպես նաեւ՝ սպառողների քանակը, պակասել են, ինչի արդյունքում առեւտրի ծավալները կրճատվել են։

– Պարոն Խաչատրյան, այս տարվա սեպտեմբերին Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 1.9 տոկոս գնանկում։ Ձեր կարծիքով ի՞նչի արդյունք է դա։

– Սա Հայաստանի քաղաքացիների աղքատացման եւ գնողունակության անկման արդյունք է։ Այն նաեւ պայմանավորված է ներքին տնտեսական խնդիրներով, նկատի ունեմ, որ տնտեսության աճ չկա, աշխատատեղեր չկան։ Սրան զուգահեռ՝ պաշտոնական վիճակագրությունն ասում է, որ բյուջետայիև հիմնարկներում միջին աշխատավարձերի բարձրացում չկա։ Գնողունակության անկումը, աղքատությունը հետեւանք են այն բանի, որ դրսից եկող տրանսֆերտները պակասել են, եւ դրանց նվազումը էական ազդեցություն է թողնում թե՛ ՀՀ-ի էկոնոմիկայի, թե՛ մարդկանց եկամուտների վրա։ Հետևաբար` դրա հետեւանքով պահանջարկ չկա։ Շուկան ավելի փոքրացել է, ներմուծումը նախորդ տարիներից սկսած կրճատվել է։ Եվ այս ամենի արդյունքում շուկայում պահանջարկ չկա, որը կբերի գների աճի։

– Ի՞նչ ազդեցություն կունենա արձանագրված գնանկումը Հայաստանի տնտեսության վրա։

– Ե՛վ դրական, ե՛ւ բացասական։ Եթե մրցակցային միջավայր լիներ, իհարկե, դրանից տնտեսությունը շատ կօգտվեր, որովհետեւ դա առանձին տնտեսվարողների համար բարենպաստ պայմաններ կստեղծեր, ավելի մրցունակ վիճակում կգործեին։ Բայց քանի որ մեր հանրապետությունում հավասար մրցակցային վիճակ չկա, ապա, ըստ էության, տնտեսության էֆեկտը մեծ չի լինի։ Եթե ինֆլյացիան պլանավորված բյուջեի եւ ծրագրի շրջանակներում է, դա միանշանակ նպաստում է, իսկ եթե ոչ, ապա այդ դեպքում նույնիսկ գնանկումը իր մեջ վտանգավոր էլեմենտներ է պարունակում եւ զարգացմանը կարող է խոչընդոտել։ Ի վերջո, ինֆլյացիան երբ սահմանվում է պետական բյուջեով, ապա դա իր մեջ մի կարեւոր խնդիր է լուծում՝ հիմնականում տնտեսական աճին կարող է նպաստել։ Հիմա եթե դա չկա, փաստորեն, տնտեսվարողները հաջորդ տարի այն գումարները, որոնք պետք է վաստակեին որպես եկամուտ, չեն ստանա։ Հետևաբար` ներդրումներ չեն լինի, ընդլայնում չի լինի:

Սյունե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31