ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը Aravot.am-ին տված բացառիկ հարցազրույցում խոսելով նոր կառավարությունում ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, առողջ ապրելակերպի արմատավորման եւ տարածման ուղղությամբ որդեգրած նոր մոտեցումների եւ ծրագրերի մասին՝ նշեց, որ ոլորտում համալիր լուրջ բարեփոխումներ են սկսվում, որոնց իրականացման գործին ներգրավվում են պետական, գերատեսչական եւ հասարակական գրեթե բոլոր կառույցները:
«Բայց ամեն բան սկսելու ենք առաջին հերթին մեզանից: Շահագրգիռ նախարարությունների ընդգրկումով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ լայնածավալ ծրագրեր ու առաջարկություններ են քննարկվում: Մասնավորապես, կրթության եւ գիտության նախարարության հետ մոտ ժամանակներս շրջայցեր ենք սկսելու հանրակրթական դպրոցներ, որոնց ընթացքում անձամբ ես մարզազգեստ եմ հագնելու եւ մի քանի դպրոցներում ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ դաս եմ անցկացնելու: Նույնն անելու են փոխնախարարը, վարչության պետերը եւ այլն: Մինչեւ մեզանից չսկսենք, ցանկալի առաջխաղացումն ու արդյունքը չենք ստանա», – ասաց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ