Քանի որ մոտենում է նախընտրական ցուցակներ կազմելու պահը, շուտով սկսվելու է «նեղանալու դարաշրջանը»: Պարզ է, որ բոլորին առաջին տեղեր չես կարող «գցել», հավակնորդների մի մասն էլ «ռեյտինգային» (իսկ Հայաստանի պայմաններում` իրականում մեծամասնական) ցուցակներում ոչ մի շանս չունի: Այստեղից պարտադիր ի հայտ է գալու «իմ նման հրաշք անձնավորությանը չեն գնահատում» միտքը, որն արտահայտվելու է հրապարակավ կամ հնչելու է «կադրից դուրս» եւ կանխորոշելու է շատերի վարքը: Դա իր հերթին դրսեւորվելու է տարբեր այլ կուսակցություններ կամ ճամբարներ վազվզելու, ինչպես նաեւ նախկին ընկերների ու կուսակիցների հասցեին դառը խոսքեր ասելու մեջ: Պաթոսը կլինի մոտավորապես հետեւյալը` «ինչպե՞ս է հնարավոր, որ իմ մասշտաբի քաղաքական գործիչը, իմ հզոր մտավոր պոտենցիալն ունեցող մարդը պատգամավոր չդառնա»: Դե, եթե պատգամավոր դառնալը կյանքի նպատակ է եւ կարեւոր չէ, թե ինչպես, ապա այդ հարցը միանգամայն տեղին է:
Քանի որ վերջերս նաեւ տեղի է ունեցել կառավարության փոփոխություն, ի հայտ են եկել նեղանալու զանազան այլ առիթներ: Նախ՝ ինչ-որ մարդկանց հանել են աշխատանքից, եւ նրանք, իհարկե, ողջ հոգով ընդվզում են այդ «ճչացող անարդարության» դեմ: Եթե նրանց նոր պաշտոն չտրվի, ապա այդ մարդիկ մնացած ողջ կյանքի ընթացքում նեղ կամ գուցե լայն շրջանակներում պատմելու են, թե ինչպես էին նրանք «ծաղկեցնում» այն ոլորտը, որն իրենց վստահվել էր, եւ ինչպես են «այս նորերն» այդ ոլորտն ապականոմ: Իզուր, ոչ մի պաշտոն հավերժ չէ. եթե գիտես, թե ինչպես է պետք «ծաղկեցնել», ապա հանդիպիր քո իրավահաջորդին եւ առանձնազրույցի ժամանակ պատմիր նրան քո պատկերացումների մասին: Եթե, իհարկե, նպատակը «ծաղկեցնելն է», ոչ թե սեփական ծառայությունների առիթով կուրծք ծեծելը:
Նույն՝ կառավարության փոփոխության հետ կապված կա նեղանալու եւս մի առիթ՝ ինչու թափուր մնացած պաշտոնին նշանակեցին ոչ թե ինձ, այլ այս… (բառը դուք գտեք): «Վայ, իմ տեղը չգիտեն, եթե ես լինեի՝ ինչե՜ր կանեի»: Դարձյալ սխալ տրամաբանություն է. եթե դու իսկապես ասելիք կամ անելիք ունես, ապա այն կանես անկախ զբաղեցրած դիրքից:
Ընդհանրապես, եթե դատենք միայն լրատվամիջոցների հրապարակումներից, ապա Հայաստանում ապրում են բացառապես պաշտոնամոլներ, մանդատամոլներ եւ փողամոլներ, որոնք, թեթեւակի սքողելով իրենց իրական մտադրությունները, խոսում են ինչ-որ բարձր նյութերից: Իրականում Հայաստանում կան նաեւ նորմալ մարդիկ, որոնք գիտեն, թե ինչով է այդ ամենն ավարտվում:
…Երեկ անատոմիկ էին բերել, հավանաբար, ինչ-որ քրեական հեղինակության դի, եւ 20 րոպեի ընթացքում մի քանի տասնյակ սեւ «ջիպեր» փակել էին երթեւեկությունը՝ լուսային ազդանշաններով արգելելով վարորդներին շարժվել, քանի որ իրենք եկել էին «իրենց ախպոր մոմենտով»: Նրան, ով գտնվում էր անատոմիկում, բացարձակապես միեւնույն էր:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
“Նրան, ով գտնվում էր անատոմիկում, բացարձակապես միեւնույն էր:”
.
Եթե հենվենք օբեկտիվ իրականության վրա, ապա դա ապացուցված չէ
“եթե դու իսկապես ասելիք կամ անելիք ունես, ապա այն կանես անկախ զբաղեցրած դիրքից:”
– ասելիք – համաձայն եմ
– բայց անելիքի դեպքում , խիստ կասկածում եմ
Եթե ամեն ոք թամբին նստելուց առաջ ընդունի,որ մի օր պետք է թամբից իջնի՝թեկուզ հենց հոգնելու պատճառով,ապա ,,պրոցեսը,,անցավ կլինի…