«Երեւան, արեւի քաղաք» կարգախոսով մեր մայրաքաղաքն այս տարի նշեց հիմնադրման 2798-րդ տարեդարձը։ Էլ հնաոճ ավտոմեքենաների շքերթ, էլ ջազ ու մարզական միջոցառումներ, տարբեր համույթների ելույթներ՝ ով ինչպես ասես շնորհավորեց քաղաքի տոնը: Հնամյա Երեւանը սիրելու, մաքուր պահելու պաթետիկ կոչեր էլ արվեցին: Ցավով պետք է փաստել, որ միշտ էլ տոնական տրամադրությունը միայն տոնի օրն է պահպանվում:
Հաջորդ օրն իսկ տոնի «ջահակիրները» մոռանում են քաղաքին տված սիրո երդման մասին, եւ Երեւանի «դիմահարդարման» պարագաներն իրենց առաքելությունն ավարտելուց հետո սկսում են «վխտալ» անգամ կենտրոնական փողոցներում: Հոկտեմբերի 11-ի ցերեկվա դրությամբ մի քանի օր առաջ մայրաքաղաքին տոնականություն հաղորդած այս փուչիկները հանգրվանել էին Աբովյան փողոցում՝ աղբարկղի հարեւանությամբ: Ամեն տարի նույն պատկերն է լինում նաեւ Ամանորից հետո՝ բոլոր շենքերի ու հաստատությունների առաջ մեկնարկում է լքված եղեւնիների շքերթով: Մի՞թե Երեւանը միայն տոնի օրը պետք է խնամել:
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ»
12.10.2016