Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ծխելու դեմ պայքարը շարունակում է մնալ երկրի առողջապահության գերակա խնդիրներից մեկը

Հոկտեմբեր 13,2016 15:00

Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում ծխախոտի օգտագործումը եւ դրա հետեւանքով առաջացած հիվանդությունների ու մահացության դեպքերն առողջապահական լուրջ խնդիրներ են առաջացնում, ուստի մեր երկրում էլ ծխելու դեմ պայքարը շարունակում է մնալ երկրի առողջապահության գերակա խնդիրներից մեկը: Մասնագետներն ուսումնասիրել են, հաշվարկել ու պարզել, որ ծխախոտի դեմ պայքարելու դեպքում երկիրը ոչ միայն վնասներ չի կրի, այլեւ օգուտ կունենա: Ծխող մարդիկ աշխատունակությունը շուտ են կորցնում, հետեւաբար չեն կարողանում երկար աշխատել, հարկեր վճարել, եւ բյուջեն կորուստներ է կրում: Ուստի ներկա եւ ապագա սերունդների առողջությունը ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետեւանքներից պաշտպանելու համար Հայաստանը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային: Կոնվենցիան բավականին լուրջ միջոցառումներ է ներառում, որոնք երկիրը պարտավորվում է իրականացնել:

ՀՀ կառավարության որոշմամբ` հոկտեմբերի 12-ն ընդունվել է որպես Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր:

«Առավոտի» հարցին՝ տեսակետ կա, որ ծխախոտի դեմ պայքարը դանդաղ տեմպերով է ընթանում, Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը պատասխանեց, որ ամբողջ աշխարհում կատարված գլոբալ հետազոտությունները ցույց են տալիս, որ 1999-2001 թվականներից առ այսօր եվրոպական տարածաշրջանի, նույնիսկ աֆրիկյան երկրների մակարդակով, ընդհանուր առմամբ, ծխախոտի սպառման եւ օգտագործման նվազման առումով շատ մեծ դրական տենդենց կա:

Պարոն Բազարչյանի տվյալներով՝ եթե համեմատեք ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ապա կտեսնեք, որ շրջանակային կոնվենցիային միանալուց ի վեր Հայաստանում տղամարդկանց շրջանում 8-10 տոկոսով ծխողների թիվը նվազել է:
Ծխախոտի դեմ պայքարի հարցում Եվրամիության, Արեւմտյան Եվրոպայի մի շարք երկրներ, Նորվեգիան, Ավստրալիան, Ռուսաստանը, Ուկրաինան, մեր հարեւան Թուրքիան, լատինաամերիկյան երկրներից Ուրուգվայը, պարոն Բազարչյանի ներկայացմամբ, փոքր-ինչ առաջ են մեզնից, սակայն 12 տարիների ընթացքում Հայաստանում էլ դրական տեղաշարժեր կան:

«Գուցե արտաքուստ չի երեւում, բայց եթե վերցնենք յուրաքանչյուր վիճակագրական տարեգիրք ու նայենք եւ, իհարկե, դուրս գանք փողոց, կտեսնենք տարբերությունը 12 տարի առաջվա եւ հիմիկվա միջեւ: Որեւիցե մեկը չի կարող ասել, որ մարդկանց մոտեցումը ծխախոտի օգտագործման նկատմամբ նույնն է մնացել ու չի փոխվել: Իհարկե, կլինեն մարդիկ, որ կասեն՝ ծխողը կմնա ծխող, չծխողը չի ծխի, բայց իրականությունն այդպիսին չէ»,- ասաց Ալեքսանդր Բազարչյանը: Չնայած ծխախոտի դեմ պայքարում մեր երկրի արձանագրած առաջընթացին՝ պարոն Բազարչյանի խոսքերով, դեռեւս առկա են որոշակի բացեր:

Նկատենք, որ կոնվենցիայի ընդունման պահից` հինգ տարվա ընթացքում ծխախոտի գովազդը պետք է արգելված լիներ: Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանում մեծամասամբ այն արգելված է եւ միայն թույլատրվում է ծխախոտը գովազդել վաճառքի կետերում: Պարոն Բազարչյանի խոսքով՝ կան երկրներ, որոնք ավելի կոշտ քաղաքականություն են կիրառում եւ անգամ վաճառքի կետերում են արգելում ծխախոտը տեսանելի վայրերում ցուցադրել: Ինչ վերաբերում է ծխախոտի տուփերը սարսափազդու նկարներով պատելուն, ապա Ալեքսանդր Բազարչյանն ասաց, որ դա մեր երկրում էլ է նախատեսված. «ԵՏՄ երկրներն այդ ճանապարհն անցել են, եւ մենք, որպես ԵՏՄ երկիր եւ որպես շրջանակային կոնվենցիայի պաշտոնական կողմ, պետք է ծխախոտային տուփերի վրա կիրառենք այդ սահմանափակումները»,- վստահեցրեց մեր զրուցակիցը: Պարոն Բազարչյանի ներկայացմամբ՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից այս տարի մեր երկրում անցկացվել է համահանրապետական հետազոտություն, եւ համաձայն արդյունքների՝ ծխախոտի օգտագործման ցուցանիշները 2012-2013 թվականների համեմատ մնացել են նույն բարձրության վրա: Պարոն Բազարչյանը, սակայն, ցավով է նշում, որ 16 տարեկանից բարձր ծխախոտ օգտագործող տղամարդկանց շրջանում 50 տոկոսի շեմը գրեթե չի նվազում: Ըստ նրա՝ վիճակագրությունը մնացել է նույնը` մարզերում ավելի քիչ են ծխում, քան Երեւան քաղաքում:

Ըստ մասնագետների՝ ծխախոտը կարեւորագույն ռիսկի գործոն է ոչ վարակիչ հիվանդությունների համար, եւ այսօր սրտանոթային, շնչառական համակարգի ու քաղցկեղային հիվանդությունների, մասնավորապես՝ թոքի քաղցկեղի 80-85%-ը պայմանավորված է ծխախոտի երկարատեւ՝ 15-25 տարի եւ ավելի օգտագործմամբ: Եվրոպական տարածաշրջանում քաղցկեղի հիվանդությունների մեծ մասը պայմանավորված է ծխելով. «Ծխախոտի հետեւանքով տարեկան միլիոնավոր կյանքեր ենք կորցնում: Սա միայն Հայաստանի համար չէ խնդիր»,- նկատում է պարոն Բազարչյանը: Պարոն Բազարչյանը վստահեցնում է, որ առողջ ապրելակերպի քարոզչության մեջ մեծ տեղ գրավող ծխախոտի դեմ քարոզչությունն ուղղվում է բնակչության բոլոր տարիքային խմբերին: Ըստ նրա՝ ծխախոտի դեմ պայքարի ծրագիրն, իր հերթին, կապվում է նախարարության մշակած առողջ ապրելակերպի ռազմավարության հետ:

Ի դեպ, ծխախոտային ապրանքատեսակների հասանելիությունը նվազեցնելու համար այսօր մի շարք երկրներում հարկային եւ ֆինանսական գնային գործիքներ են կիրառվում, այսինքն՝ հարկերը բարձրացվում են, ծխախոտն էլ շատ թանկ է վաճառվում:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

12.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Վերջին պարբերության մէջ նշվածը ամենաազդու միջոցն է ծխախոտի գործածությունը նվազեցնելու համար՝ հատուկ հարկերով թանկացնել ծխախոտի գինը: Նոյնը պէտք է կատարվի ոգելից ըմպելիների պարագային: Արեւմտեան շատ մը երկիրներում տուփ մը տիկառեթի գինը 3500 դրամ է կամ աւելի, իսկ արաղի շիշ մը՝ նվազագոյնը 14 000 դրամ: Կարող է, դժբախտաբար, որ մի քանի մոլորյալներ իրենց տան հացի փողը ծախսեն ծխելու եւ խմելու համար, սակայն հատկապէս նոր սերունդի մօտ է որ, այս միջոցով, այդ վատ ու վնասակար սովորությունները հետզհետե նվազելու են, կենցաղային այդ քանդիչ բարքերը վերանալու են:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31