Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Միայն թե հսկիչ գների մասին վարչապետի հրամանը չմնա թղթի վրա ու գործարարների հիշողությունում

Հոկտեմբեր 13,2016 15:30

«Առավոտի» սեպտեմբերի 17-ի՝ «Վարչապետը բարեփոխումները թող սկսի մաքսայինից ու հսկիչ գներից» հրապարակմամբ ներկայացրել էինք գործարարների դժգոհությունները մաքսային մարմնից: Գործարարները տարիներ շարունակ եւ բազմիցս բարձրաձայնել են մաքսայինում կիրառվող հսկիչ գների կիրառման դեպքում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին, բայց, միեւնույն է, խնդիրը չի լուծվել, եւ տարիներ շարունակ մաքսայինը որեւէ ապրանքի ներմուծման համար մաքսային արժեք է սահմանում ոչ թե գործարարի ներկայացրած գները, այլ իր սրտի ուզածը, եթե, իհարկե, «յուրայիններ» չեն այդ գործարարները։

Մեր հրապարակման մեջ մի գործարար պատմել է, որ համաշխարհային ճանաչում ունեցող մի ընկերությունից ներմուծում է դեղորայք, եւ այս եվրոպական խոշոր դեղագործական ընկերությունը, որի տարեկան շրջանառությունը մեր երկրի բյուջեի չափ է եւ աշխարհի մոտ 200 երկրներում ներկայացուցչություն ունի, Հայաստան դեղորայք է ներմուծում եւ, բնականաբար, սահմանին հաշիվ-ապրանքագիր է ներկայացնում այս եվրոպական ընկերության հետ կնքած պայմանագրի հիման վրա՝ այդ ընկերության տրամադրած գներով։ Ու մաքսավորը կասկածի տակ է դնում այդ խոշորագույն ընկերության ներկայացրած գները, թե բա՝ էժան եք ասում, մեր հսկիչ գներն ավելի բարձր են։ Նշենք, որ որքան գները բարձր են, այնքան մաքսային արժեքը բարձր է լինում։ Մաքսայինի հսկիչ գները կիրառվում են գրեթե բոլոր տեսակի ներմուծումների դեպքում, իսկ կոռուպցիոն ռիսկերը կարող են դրսեւորվել ուղղակի գործարարի եւ մաքսայինի աշխատակցի միջեւ գների շուրջ համաձայնության գալով։ Ուստի երբ Կարեն Կարապետյանը նոր էր նշանակվել վարչապետ եւ կառավարության նիստում դիմելով ՊԵԿ նախկին ղեկավարին՝ ասել էր, որ մաքսային ծառայողների սուբյեկտիվ վարքագիծը պետք է բացառվի, գործարարները հորդորել էին բարեփոխումները սկսել հենց այդ հսկիչ գների վերացմամբ:

Երեկ ՊԵԿ նոր նախագահ Վարդան Հարությունյանին ներկայացնելիս վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադառնալով հսկիչ գներին՝ նշել է. «Անհրաժեշտ է վերանայել դրանց կիրառման մեխանիզմն ապրանքների ներմուծման ժամանակ, կիրառել ապրանքների մաքսային արժեքների հաշվարկի համար գործարքի գնի մեթոդը՝ հիմք ընդունելով արտահանող երկրի մաքսային մարմինների կողմից հաստատված արտահանման ինվոյսը»:

Վարչապետի այս հայտարարությունից հետո կարծես թե հույսեր են արթնանում. գործարարների համար չարիք դարձած այդ հսկիչ գների կիրառման մեխանիզմը գուցե կանոնակարգվի, եւ գուցե կոռուպցիոն ռիսկերը վերանան: Միայն թե վարչապետի այս հրամանը չմնա թղթի վրա ու գործարարների հիշողության մեջ:

Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 28-ին վարչապետի հետ հանդիպման ժամանակ այդ խնդիրը բարձրացրել է. «Եվ ոչ միայն հսկիչ գների, այլեւ ստուգում ապահովելու համար ՊԵԿ-ը պահանջում է բեռնաթափել ու նորից բարձել ապրանքը, որ ստուգում անի, այստեղ օրեր են կորում, գործարարները գումարներ են կորցնում, կոռուպցիոն ռիսկեր կան: 6-7 օր է անցնում մինչեւ ստուգումներ ու ձեւակերպումներ են անում: Կարծում եմ՝ վարչապետը շատ լավ իրազեկված է այդ խնդրի մասին: ՊԵԿ-ի նոր ղեկավարը եթե կարողանա այդ խնդիրը կտրուկ վերացնել, բնականաբար, հարգանք եւ համակրանք կառաջացնի իր հանդեպ: Հայաստանի սահմաններում մաքսային մի քանի կետեր կան, ու մի քանի միջին եւ բարձր օղակների պաշտոնյաներ են շփվում այդ գործընթացների հետ: Եվ եթե իրենք իրենց հսկիչներին հանձնարարեն թղթաբանությունը ճիշտ կազմակերպել, ամեն ինչ տեղը կընկնի: Այնտեղ քաշքշուկների մոդելներ կան՝ այս բեր, այն բեր, կամ պիտի վերեւից ասեն, կամ պիտի սենց գրես, պիտի վերեւից որոշեն եւ այլն, արհեստական խոչընդոտներ են ստեղծում գործարարի համար»:

Պարոն Մակարյանն ասաց, որ իրենց առաջարկություններում նշել են, որ եվրոպական երկրներից ապրանք ներմուծելիս դրանք համարվում են երաշխավորված ինվոյսներ, իսկ եվրոպական երկրներն, այսպես ասած՝ սպիտակ երկրներ են, կասկածելի չեն, եւ Հայաստանի մաքսայինը պարտավոր է հարգել նրանց:

Արդյոք ՊԵԿ-ի նոր ղեկավարին կհաջողվի՞ պայքարել արտոնյալ գործարարների դեմ եւ ստվերը դաշտ բերել, ի վերջո՝ վարչապետն անձամբ է ասել, որ եթե ստվերը չկարողանան դաշտ բերել, երկիրը երկիր չի դառնա՝ մեր այս հարցին Գագիկ Մակարյանն այսպես պատասխանեց. «Ստվերի եւ կոռուպցիայի դեմ պայքարը երկրում պետք է հանդիսավոր ձեւով հայտարարվի որպես արշավ, եւ դրան պետք է աջակցի ՀՀԿ-ն, որովհետեւ իր շատ պաշտոնյաներն ու կուսակցականները, համայնքների ղեկավարները, նախարարները, դատավորները, բոլոր օղակներում նրանք կան: Եվ դա միայն կառավարության որոշումով եւ ՊԵԿ ղեկավարի միջոցով չպիտի լինի, դա պետք է լինի կառավարության մակարդակով, նախագահի աջակցությամբ՝ գումարած ՀՀԿ-ի աջակցությունը, քանի որ 90%-ն իր կադրերն են, եւ ինքը պետք է իր քաղաքականությունը դնի իր կադրերի առաջ, ասի՝ մենք արդեն գնում ենք հակակոռուպցիոն քաղաքականության, եւ դուք յուրաքանչյուրդ պետք է ձեր տեղերում կտրուկ վերջ տաք կոռուպցիային եւ թափանցիկ աշխատեք»:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

12.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31