Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երբեմն կարող է պարզվել, որ ֆալշը հենց դու ես»

Հոկտեմբեր 13,2016 14:30

Գերմանացի ճանաչված դիրիժոր Ֆլորիան Հելգաթը՝
«հայկական» նախագծերի ու երաժիշտների որակների մասին

Գերմանացի ճանաչված դիրիժոր Ֆլորիան Հելգաթը Հայաստանում է: Նա Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 14-ին կայանալիք համերգին կղեկավարի «Հովեր» պետական կամերային երգչախումբը:
«Առավոտի» հետ զրույցում երաժիշտը նշեց, որ անչափ տպավորված է «Հովերով», որը նրա ձեւակերպմամբ՝ յուրահատուկ ձայնային հնչողություն ունի, ձայնային որակը ջերմ է, տաք, լայնածավալ, համերգի ծրագիրն էլ բարդ է, ինչին երգչախումբը հրաշալի պատրաստվել է: «Մտավախություն ունեի, որ երգչախումբը կդժվարանա հասցնել պատրաստվել, ու ինձ համար հաճելի անակնկալ եղավ արդյունքը: Մի խոսքով, «Հովերը» շատ ճկուն երգչախումբ է»,- փաստեց Ֆլորիան Հելգաթը:

Մեր դիտարկմանը, որ իրեն համարում են Եվրոպայի լավագույն դիրիժորներից մեկը, ինչպե՞ս է հասել այդ համարմանը, երաժիշտը համեստորեն պատասխանեց, որ ինքը լավագույնը չէ: Ապա նշեց, որ 10 տարեկանից երգել է երգչախմբում, ամբողջ աշխարհով համերգաշարերի է մասնակցել ու այդպես առնչվել պրոֆեսիոնալ երգչախմբային արվեստին: Իսկ ընդհանրապես մեր զրուցակիցը կարեւորում է ջանասիրությունն ու աշխատասիրությունը, ասում է՝ խմբավարը պետք է սիրի երաժշտությունը եւ երգչախմբի հետ կարողանա ներդաշնակվել:

Հետաքրքրվեցինք՝ բազմաթիվ երգչախմբերի հետ է աշխատել, հատկապես ի՞նչն է կարեւորում այդ աշխատանքում: «Ամեն երգչախումբ տարբեր է, յուրահատուկ հնչողականություն ունի յուրաքանչյուրը ու ինքնատիպություն: Իսկ դու ունես քո տեսլականը հնչողականության վերաբերյալ: Մի խոսքով, կարեւորն այն է, որ քո ղեկավարած երգչախմբի ձայնն ու քո ունեցած գաղափարը համընկնեն: Երբ քո անձնական երգչախմբի հետ ես աշխատում, դու շարունակում ես նույն միտքը, ներդրումը, բայց երբ հրավիրված դիրիժոր ես, դու առաջին հերթին հյուրընկալում ես «ուրիշի» հնչողականությունը ու փորձում ներդաշնակել քո մտքի հետ»,- համոզված է Ֆլորիան Հելգաթը:

Քանի որ արվեստագետը 2015-ին իր ղեկավարած երգչախմբով Կոմիտասի Պատարագն էր ներկայացրել Մյունխենում, որը շատ լավ էր ընդունվել գերմանացի ունկնդրի կողմից, խնդրեցինք մի փոքր պատմել այդ ձեռնարկի մասին: Մեր զրույցին միջամտեց հարցազրույցը թարգմանող, գերմանաբնակ խմբավար Արմինե Բաբայան- Զեյթաղյանը:

Վերջինս հիշեց, որ հայկական եւ գերմանական արմատներով հայտնի կոմպոզիտոր եւ կիթառահար Մարկ Սինանը, երբ պարզել էր, որ հայկական արմատներ ունի, Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին որոշել էր ներգրավել «Կոմիտաս» նախագիծը: «Բացի նրանից, որ ընտրեց գերմանական երգչախումբ, որը պետք է պատարագ երգեր, այդ պատարագն էլ իմպրովիզացիայով մատուցվեց, տարբեր գործիքներ նվագակցեցին, նաեւ թատերականացված հրամցվեց ամեն ինչ:

Նախագիծն իրականացնողները փնտրում էին մասնագետի, որը գիտեր հայերեն եւ ծանոթ էր երգչախմբային արվեստին, այդպիսով կապվեցին ինձ հետ: Այդպես աշխատեցի Ֆլորիանի հետ եւ օգնեցի լեզվի ու մյուս հարցերում: Նա այդ ժամանակ բացահայտեց Կոմիտասին, իսկ մինչ այդ միայն Տերտերյանին գիտեր»,- հայտնեց Արմինե Բաբայան- Զեյթաղյանը:

Ֆլորիան Հելգաթին հարցրինք՝ ո՞վ է Կոմիտասն իր համար, եւ Կոմիտասի առանձնահատկությունն իր ընկալմամբ ինչպիսին է: Գերմանացի դիրիժորը այսպես բնորոշեց. «Շատ լայնածավալ եւ խորը երաժշտություն է Կոմիտասի երաժշտությունը, հոգեւոր եւ մոգական, մի կողմից շատ պարզ է, մյուս կողմից էլ՝ շատ խորիմաստ: Երբ աշխատում ես այդ երաժշտության հետ, զգում ես Կոմիտասի վեհ հոգեւորական կերպարը»:

Դիրիժորին նաեւ հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում միջազգային մրցույթներին, դրանց օբյեկտիվությանը, արդյոք մի՞շտ է հաղթում շնորհալին: «Երաժշտի համար անշուշտ կարեւոր են մրցույթները, որպեսզի իր որակները համեմատի այլոց հետ: Երբ ես երգչախմբի հետ պետք է մասնակցեմ որեւէ մրցույթի, ավելի ինտենսիվ եմ պարապում եւ ավելի կատարյալի եմ ձգտում, քան սովորական համերգի պարագայում: Այդ պահը մի քիչ սպորտի է նմանվում, ինչի մեջ բացասական բան կա, չէ՞ որ երաժշտությունը սպորտային մրցում չէ: Մի բան էլ ասեմ՝ երաժշտական նույն մրցույթում կարող են երկու երգչախումբ հանդես գալ, ասենք մեկը՝ Հայաստանից, մյուսը՝ Գերմանիայից, երկուսն էլ կարող են փայլուն երգել, բայց տարբեր լինել՝ ինչպես խնձորն ու տանձը: Այս դեպքում դու չես կարող համեմատել՝ որն է ավելի լավը: Հետեւաբար մրցույթներում սուբյեկտիվության գործոն կա»,- հնչեց պատասխանը:

Իսկ ի՞նչ խորհուրդ կտա երիտասարդ դիրիժորներին: «Կարեւոր չէ՝ դու սկսնակ ես, թե կայացած, պարտավոր ես ինքդ քեզ քննադատել, հարցեր տալ, ինքնավերլուծություն անել, փորձել անընդհատ սովորել, զարգանալ, ձգտել ինքնաճանաչման: Կարող ես անընդհատ պարապել, մտածել՝ ֆալշ նվագեցի, բայց պարզվի, որ իրականում ֆալշը հենց դու ես»,- ասաց Ֆլորիան Հելգաթը:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ Արամ Խաչատրյանի անվան փառատոնին, որով դիրիժորը տպավորված էր: Արմինե Բաբայան- Զեյթաղյանը հայտնեց, որ Հելգաթն իրենից է լսել խաչատրյանական փառատոնի մասին, ու «Կոմիտաս» նախագծից հետո է նրա մոտ սեր առաջացել Հայաստանի հանդեպ, ավելի ուշ ինքն ու «Հովեր» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը փոխանակվել են խտասկավառակներով, եւ Ֆլորիանը որոշել է հետաքրքիր ծրագիր անել հայկական երգչախմբի հետ:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Գլխավոր լուսանկարում`  Ֆլորիան Հելգաթն ու Արմինե Բաբայան- Զեյթաղյանը:

Լուսանկարը՝ հեղինակի:

 

«Առավոտ»

12.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31