Օրերս PanArmenian Expo 2016 ցուցահանդեսում գործող «Էդիթ Պրինտ» տաղավարը մարդաշատ էր: Ելույթ էր ունենում «Ծիրանի» մանկական պարի համույթը: Սակայն միջոցառման առիթը պարը չէր, այլ մանկական նոր մատենաշարի հրատարակման շնորհանդեսը, որը պարզապես ուղեկցվում էր ազգագրական պարերով: Լույս էր տեսել պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանի հեղինակած «Թե ինչու…» խորագրով մատենաշարը, որտեղ հեղինակը հեքիաթների ձեւաչափով մեկնաբանում էր կենդանական աշխարհի առանձնահատկությունները, բնության երեւույթները, անտառային կյանքը եւ պատասխանում մանուկների բազում հարցադրումների:
Հատկանշական է, որ մատենաշարի յուրաքանչյուր ժողովածուն ունի թեմատիկ ուղղվածություն, նպատակ ունենալով նաեւ յուրահատուկ հարցադրումներով եւ ինքնատիպ մոտեցումներով մանուկներին ուսուցանելու իրենց իսկ շրջապատող երեւույթները:
Մատուցվող նյութը առավել հետաքրքրաշարժ եւ տպավորիչ դարձնելու համար մատենաշարում նկարազարդումից բացի, փոքրիկ ընթերցողին առաջարկվում են նաեւ նկարների գունազարդումներ: Ելույթ ունեցողները նշեցին, որ մանկագրությունը չափազանց բարդ ոլորտ է եւ քաջալերեցին պրոֆեսոր Ճուղուրյանին շարունակել իր գործունեությունը նաեւ այդ ոլորտում:
Սեփ. լր.
«Առավոտ»
12.10.2016