Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոմանք հայկական բեստսելերի հեղինակ լինելու էյֆորիկ զգացումներ ունեն»

Հոկտեմբեր 13,2016 13:30

Գրականագետների դիտարկումները՝
պահանջված գրականության մասին

Ժամանակակից մեկ-երկու գրողներ իրենց համարում են հայկական բեստսելերի հեղինակ այն դեպքում, երբ աշխարհում բեստսելեր համարվում են 50 հազար օրինակից ավելի վաճառված գրքերը։ Կարծիք կա, թե 2,5-3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում դժվար է գտնել հազարավոր ընթերցողների, մյուս կողմից էլ՝ եթե ազգն ընթերցասեր չէ, ապա, օրինակ, 10 միլիոնանոց բնակչություն ունեցող երկրի դեպքում էլ չի գտնվի 50 հազար ընթերցող։

Այս թեմայով «Առավոտը» զրույցի հրավիրեց գրականագետներ Նաիրա Համբարձումյանին եւ Արմեն Ավանեսյանին։

Նաիրա Համբարձումյանը համոզված է, որ 3 միլիոնանոց մեր հանրապետությունում էլ կարող է գտնվել 50 հազար ընթերցող, եթե, իհարկե, գիրքը լավն է։ «Շատերը ընթերցողների սակավությունը պատճառաբանում են սոցիալական վիճակով, ինչը ես միանշանակ չեմ ընդունում։ Նաեւ չեմ ընդունում ցածր մակարդակի գործոնը, որովհետեւ հայաստանյան կրթություն ունեցող մեր համերկրացիներն այսօր նվաճում են աշխարհը, որոնք պոտենցիալ ընթերցողներ են նաեւ։ Հետեւաբար, անընդունելի է, որ 250 օրինակ վաճառվող գիրքը համարվի բեստսելեր»,- համոզված է մեր զրուցակիցը։ Համակարծիք լինելով դիտարկմանը, որ Հայաստանում 400-500 տպաքանակով լույս տեսած գրքերից վաճառվում է 200-250 օրինակ, Նաիրա Համբարձումյանն ասաց. «Դա էլ այն դեպքում, երբ վաճառքի հարցում ոտքի են հանում տվյալ գրողի ընկերներին, ծանոթներին կամ ուսանողներին։ Մյուս կողմից ուրախալի է, որ թեկուզ այսկերպ, բայց դրական որոշակի իրարանցում է տեղի ունենում, եւ որոշ գրողներ ապրում են հայկական բեստսելերի հեղինակ լինելու իրենց կողմից ստեղծված էյֆորիկ զգացումներ»։

Ռեպլիկին՝ թե նորագույն տեխնոլոգիաներն էլ են նպաստում ընթերցանությանը, Նաիրա Համբարձումյանը հայտնեց, որ ողջ աշխարհում մարդիկ իրենց այդ նորագույն տեխնոլոգիաները ձեռքներին կարդում են մետրոներում, ավտոբուսներում, աուդիո սկավառակներով լսում են մեքենաներում, ինչն իրապես գործող գործոն է, բայց դա՝ արտասահմանում։ Գրականագետը հատուկ անդրադարձավ համացանցին՝ նկատելով, որ այն թեպետ վիրտուալ, սակայն ժամանակակից իրականության մի մասն է կազմում, հատկապես՝ Ֆեյսբուքը։ «Սակայն եկեք մեզ չխաբենք, այստեղ վտանգավորության չափաբաժինը մեծ է, քանի որ ի հայտ է եկել զոմբիացված ընթերցողի՞, թե՞ գրականությունից անտեղյակ դիլետանտի մի տեսակ, որը նամակով խնդրում է like-ել այս կամ այն հեղինակի գիրքը կամ ֆեյսբուքյան էջը՝ անկախ նրանից՝ հավանո՞ւմ ես, թե՞ ոչ։ Իսկ առաջարկվող հեղինակը անտեղյակի դիմակ է հագնում՝ տեսեք, տեսեք, այնքա՜ն «մեծ» գրող եմ, որ գրքիս գովազդներն իրենք իրենց են քայլում»,- հավաստիացնում է Նաիրա Համբարձումյանը։

armen-avanesyan
Արմեն Ավանեսյանն էլ փաստում է, որ վերջին անգամ Հայաստանում 50 հազար կամ նույնիսկ ավելի վաճառվող գիրքը դա 1989-90թթ. հրատարակված Շիրազի «Հայոց դանթեական» պոեմն էր, ինչը երկար ժամանակ արգելված է եղել, չնայած հատվածաբար հրատարակվել է հիմնականում սփյուռքահայ մամուլում, ինչպես նաեւ մեկ-երկու անգամ էլ՝ հայաստանյանում։ «Եթե շեշտը դնենք վաճառքի գործոնի վրա, ապա մեզանում տպաքանակը հիմնականում կազմում է 400-500 օրինակ, լավագույն դեպքում՝ 1000, իսկ այս դեպքում հայկական բեստսելերի մասին խոսելն ավելորդ է»,- ասաց մեր զրուցակիցը։ Նշեց նաեւ, թե այսօր շատ երկրներում տարածված միտում է նկատվում՝ քիչ տպաքանակով գրքեր հրատարակելը։ Գրականագետի ձեւակերպմամբ՝ եթե շուրջ 80 միլիոնանոց Իրանում կամ 200 միլիոնանոց Ռուսաստանում տպաքանակը 3-5 հազար է, ապա մեզ մոտ 5 անգամ 1000 օրինակը շատ ավելին է ստացվում, եթե համեմատենք հենց թեկուզ նշած երկրների հետ:

Արմեն Ավանեսյանը օրինակ բերեց Մուշեղ Գալշոյանի «Ձորի Միրոն» եւ Դաշտենցի «Ռանչպարների կանչը», որոնք շուրջ 40 տարի առաջ հրատարակվել են մոտ 50 հազար օրինակով, կարճ ժամանակ անց սպառվել են, ապա վերահրատարակվել։ «Մեծ դերակատարում ունի պետական քաղաքականությունը։ Եթե երեխաները ժամանակին ունեին այլ իդեալներ, այսօր մեր երեխաները տեսնում են, թե ինչպես կիսահանցագործ տարրը ինչ լավ բարեկեցիկ կյանք է վարում, նույնիսկ պաշտոն զբաղեցնում, այսինքն՝ ճշմարտությունը մեր այսօրվա կենսակերպի մեջ է։ ԶԼՄ-ներն էլ իրենց հանցավոր դերն ունեն՝ կարծես միտումնավոր հիմնականում մատուցելով հենց դրանց»,- կարծիք է հայտնում գրականագետը։

Արմեն Ավանեսյանը համոզված է, որ մեր պետական քաղաքականությունը պետք է շեշտը դնի մտավոր ռեսուրսի վրա, վեր հանի լավագույն արժեքները, եւ միայն այդ ձեւով հանրության մեջ կսկսեն արատները պակասել եւ շատ շուտով անհետանալ։

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

12.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31