Ավարտվեց շախմատի «Երեւան Օփեն» միջազգային մրցաշարը,
որին մասնակցեցին 10 երկրի 130-ից ավելի շախմատիստներ
«Առավոտի» խնդրանքով ամփոփելով արդյունքները՝ մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանն ասաց. «Շատ երկար սպասված մրցաշար էր, որը վերջապես կայացավ: Իրականացան բոլոր սպասելիքները՝ ոչ միայն իմ, որ երկար տարիներ արել էի հնարավոր ամեն բան, որպեսզի այն կայանա, այլեւ բազմաթիվ շախմատիստների եւ շախմատասերների: Մենք գիտենք, որ ինչքան էլ մենք հաջողություններ ենք ունենում, դրանք լինում են դրսում:
Որովհետեւ խոշորագույն բոլոր մրցաշարերը՝ Համաշխարհային օլիմպիադաներ, աշխարհի ու Եվրոպայի անհատական եւ թիմային առաջնություններ, այդ թվում նաեւ՝ Հայաստանում անցկացված, իրականում լայն ընդգրկումով շախմատիստների համար չեն, այլ՝ առաջատարների, նրանց, որոնք իրավունք ունեն այդ մակարդակի մրցումների մասնակցել: Իսկ այսպիսի բաց մրցաշար, որին կարող են մասնակցել եւ ուժեղագույնները եւ երիտասարդները եւ վետերանները, Երեւանը շատ էր սպասում, ի վերջո իրականացավ: Իրականացավ շնորհիվ Երեւանի շախմատային ֆեդերացիայի, ֆեդերացիայի գործադիր տնօրեն Նորայր Քալանթարյանի, Ֆեդերացիայի նախագահ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ ժամանած մասնակիցների ու ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների համար առավելագույն հարմարավետ պայմաններ ստեղծելուն ուղղված ջանքերի:
Ու պատահական չէր, որ մրցաշարի ավարտին գրեթե բոլորը մոտենում էին մեզ միայն շնորհակալական խոսքերով: Հյուրերի կարծիքը մեզ համար շատ կարեւոր է նաեւ այն առումով, որ նպատակ կա «Երեւան Օփենը» դարձնել ամենամյա ավանդական: Մենք քաղաքապետի հետ պայմանավորվեցինք, որ սա լինելու է այն նվազագույն նշաձողը, որը տարի՝ տարվա վրա անընդհատ պետք է բարձրացվի: «Երեւան Օփենը» արժանիորեն պետք է դասվի աշխարհում անցկացվող նմանատիպ լավագույն օփենների շարքում եւ դառնալով Երեւանի դեմքը՝ նաեւ գերազանցի դրանց, ինչպես գերազանցեց մոտավորապես նույն ժամանակահատվածում ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում անցկացված «Աստանա Օփենին» եւ «Բաքու Օփենին», որոնց մրցանակային հիմնադրամները, գուցե, մի քանի անգամ բարձր էին: Այս խոսքերը հենց այնպես չեմ ասում: Երեւանյան բաց մրցաշարն ավելի պատկառելի կազմ էր հավաքել եւ ավելի շատ դիտումներ ու մեկնաբանություններ կային ոչ հայաստանյան մամուլում:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է բուն մրցաշարին, այստեղ հանդես էին գալիս 10 երկրների շուրջ 140 շախմատիստներ, որոնցից մոտավորապես 30-ը միջազգային գրոսմայստեր էին կամ միջազգային վարպետ: Ընդորում, գրոսմայստերները գերիշխում էին: Մրցաշարն անչափ լարված էր ու մինչեւ վերջին պարտիան թեժ պայքար էր 1-ին տեղի համար: Ի վերջո, շատ հազվագյուտ մի իրավիճակ ստացվեց. ութ հոգի վաստակեցին ինը հնարավորից 7,0 միավոր ու բաժանեցին 1-8-րդ տեղերը: Միայն լրացուցիչ ցուցանիշերով Հայաստանի ազգային հավաքականի կազմում աշխարհի թիմային չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը ճանաչվեց հաղթող, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանն ու Հովիկ Հայրապետյանը, համապատասխանաբար զբաղեցրին 4-րդ եւ 5-րդ հորիզոնականները:
Չեմ կարող հատուկ չնշել մեր փառապանծ վետերան Ռաֆայել Վահանյանի մասնակցությունը: Չնայած շախմատիստի համար պատկառելի տարիքին, նա ոչ միայն շատ բարձր արդյունք ցույց տվեց՝ վաստակելով 6,5 միավոր, այլեւ իր ոճով խաղաց մի քանի գեղեցիկ պարտիա, որոնք հավակնում էին սահմանված եւս մի անվանակարգի՝ լավագույն պարտիայի համար մրցանակին: Բայց Ռաֆայել Վահանյանի համեստությունն այնքան մեծ էր, որ հրաժարվեց դրանք ներկայացնել՝ երիտասարդների համար ճանապարհ բացելով: Gold Chess միջազգային կազմակերպությունը, որը սահմանել էր այդ մրցանակը, բազմաթիվ հավակնողների մեջ շատերի համար անսպասելի իր մրցանակը շնորհեց հայաստանցի պատանի շախմատիստ Ալեքս Նուրիջանյանին:
Եվ վերջում: Շատ կարեւոր էր, որ խաղացին Հայաստանի մեծ քանակությամբ պատանի շախմատիստներ, որոնք ֆինանսական պատճառներով դրսում այսպիսի մրցաշարերի մասնակցել չեն կարողանում: Նրանք հնարավորություն էին ստացել ոչ միայն խաղալ բարձրակարգ շախմատիստների հետ, թրծվել ու կատարելագործել իրենց խաղամակարդակը, այլեւ փորձել շախմատային նորմեր լրացնել: Ու «Երեւան Օփենում» երեք շախմատիստներ, որոնք ներկայացնում են մեր հանրապետությունը՝ Սուսաննա Գաբոյանը, Արտավազդ Հայրապետյանը եւ Հայկ Վարդանյանը, լրացրին միջազգային վարպետի նորմա»:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
12.10.2016