Հայտնի է, որ մաշկի համար ամենակարեւոր նախապայմաններից մեկն այն է, որ սննդակարգում ներառել մեծ քանակությամբ թարմ բանջարեղեն եւ մրգեր: Դրանք մեր սննդում պետք է լինեն ամեն օր եւ տարվա բոլոր եղանակներին, քանի որ ամեն մի եղանակ ունի իրեն բնորոշ եւ օգտակար միրգ-բանջարեղենը: Թարմ մրգերի ու բանջարեղենի ամենագլխավոր հատկությունն այն է, որ դրանք պարունակում են հակաօքսիդանտներ: Բժիշկների եւ դիմահարդարների նոր հետազոտությունների համաձայն՝ մաշկը վաղաժամ է ծերանում ծանր մետաղների եւ ռադիոակտիվ նյութերի օրգանիզմ ներթափանցելու պատճառով: Դրանք օրգանիզմից դուրս են գալիս միայն հակաօքսիդանտների միջոցով:
Թարմ բանջարեղենի եւ մրգերի հետ մեկտեղ կարող եք նաեւ առատ մրգաչրեր օգտագործել, որոնք կարգավորում են օրգանիզմի նյութափոխանակությունը եւ խթանում աղիների աշխատանքը:
Մասնագետները նշում են, որ վնասակար մթերքների շարքին են դասվում ոչ միայն «ֆաստ-ֆուդը», այլեւ շաքարակալած, չափազանց աղի եւ կծու պահածոները, նաեւ արդյունաբերական մշակում անցած եւ մեծ քանակությամբ ճարպեր պարունակող մթերքները:
Եթե այդպիսի մթերքներից չեք կարողանում հրաժարվել, ապա սննդաբանները խորհուրդ են տալիս այն նվազեցնել` շաբաթական դարձնելով մեկ-երկու անգամից ոչ ավելի: Նույնը վերաբերում է նույնիսկ այնպիսի համեղ մթերքներին, ինչպիսիք են պահածոյացված կանաչ ոլոռը, վարունգը կամ լեչոն:
Բացի սննդից, մաշկի որակի վրա ազդում են նաեւ արտաքին խնամքը, սթրեսները: Թարմ միրգ ու բանջարեղեն քիչ օգտագործողները, եթե ուզում են մաշկի որակը լավանա, ապա անմիջապես պետք է ավելացնեն դրանց բաժինը: Արդյունքը ձեր մաշկին կնկատեք արդեն երեք շաբաթից: Ոչ շուտ եւ ոչ ուշ. չէ՞ որ մաշկածածկույթը նորանում է յուրաքանչյուր երեք շաբաթը մեկ:
Կայուն արդյունքի համար անհրաժեշտ է խստորեն պահպանել հետեւյալ կանոնները, որն առաջարկում է Doctors.am-ը`
1. Աշխատեք շաքարը փոխարինել մեղրով կամ չրով. դրանք հարուստ են հեշտ յուրացվող ֆրուկտոզայով, որը բավարարում է քաղցրի պահանջը:
2. Ոչ լիքը ստամոքսն ավելի հեշտ է մարսում մրգերը, ուստի ավելի լավ է դրանք օգտագործել ուտելուց կես ժամ առաջ կամ պարզապես սնվել միայն դրանցով, օրինակ՝ երկրորդ նախաճաշին կամ ետճաշիկին. եթե չեք հագենում, մրգերին ու բանջարեղենին ավելացրեք ցորենի թեփ:
3. Մրգերն ու բանջարեղենը խորհուրդ չի տրվում արագորեն կուլ տալ: Դրանք պետք է ուտել ըմբոշխնելով եւ երկար ծամելով. օգուտն ավելի մեծ կլինի:
4. Դեմքի մաշկի տոնուսը պահպանելուն լավ է օգնում կանաչ թեյը, որը մաշկի համար ամենաառողջարար միջոցներից է:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
12.10.2016