Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Դալլաքյանը թող քարերը նետի, հանրությունն էլ գնահատի. Թեւան Պողոսյան

Հոկտեմբեր 12,2016 23:32

«Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունն ընդունում եմ ի գիտություն: Ամեն մարդ կարող է գնահատել, թե ով է ինչ է փորձել անել կամ ինչ չի փորձել: Եթե ստանձնել ես պարտավորություն, ներկայացուցիչն ես ինչ-որ ինստիտուտում ու չես ուզում աշխատել, կարելի էր դուրս գալ»,- Aravot.am-ի հետ զրույցում Վիկտոր Դալլաքյանի հայտարարության մասին այսպիսի տեսակետ հայտնեց Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Ըստ նրա, մարդիկ պետք է կարողանան գնահատել արդյունքներով. «Եթե այս 4 տարի ցանկանում էր դուրս գալ, չէր ստացվում, հիմա է ստացվել, ուրեմն մարդ է, որը 4 տարվա մեջ չի կարողանում հասնել արդյունքի: Եթե իրականում կատարվել է աշխատանք, երեւի ճիշտ կլիներ ներկայացվեր այդ 4 տարվա աշխատանքը, որ ես կարողանայի գնահատել:

Այն, որ նա ժամանակին շատ օրենքների հեղինակ է եղել՝ դա գիտենք: Բայց ինձ համար ամենացավալի խնդիրն այն է, որ նորից գալիս են մարդիկ՝ անհատների եւ անձերի մասին խոսելու: Ես ամեն անգամ փորձում եմ իմ վարքագծով այն օրինակը ծառայել, որ պետք է խոսել ինստիտուտների, համակարգերի մասին եւ ոչ թե անձափոխության մասին: Անձերի անհատական վիրավորանքներ հասցնելով՝ չպետք է մտածել, որ ճանապարհ ես հարթելու»:

Թեւան Պողոսյանն ասաց, որ ցանկացած քաղաքական գործիչ պետք է կրի պատասխանատվություն ոչ միայն իր ասածների կամ չարածների համար, այլ նաեւ դրանց հետեւանքների եւ արդյունքների համար. «Հանրություն էլ պետք է պահանջի, ասի՝ պատասխան պետք է տաս, որ ինձ տարար սխալ ճանապարհով, որ որեւէ փոփոխություն չեղավ, որ չասես միայն՝ փորձեցի:

Փորձելով չի, դու պիտի կարողանաս կանխատեսել: Միգուցե առաջին 5-10 տարիներին նոր էին, բայց 20 տարին բավական ժամանակ է, որ սցենարներն ուսումնասիրեն, մտածեն, թե ինչ է լինելու հետեւանքը, ինչի համար պետք է կրել պատասխանատվությունը: Ոչ թե գաս ու ուղղակի ասես, որ այսպիսի իրավիճակ է եղել»:

Հիշեցնենք, որ Վիկտոր Դալլաքյանն ասել էր՝ 4 տարի քարեր է հավաքել, եւ հիմա եկել է իր՝ քարերը նետելու ժամանակը: Թեւան Պողոսյանն արձագանքեց. «Դե հիմա քարերը կնետեն, վստահ եմ, որ գնահատողը հանրությունն է լինելու, իր գնահատականը կտա»:

Թեւան Պողոսյանը հիշեցրեց իր արձագանքը Արա Աբրահամյանի՝ կուսակցություն բացելու մտադրության մասին. «Եթե մարդը երազում է իր կուսակցությունը ստեղծել՝ թող ստեղծի, հանրությունը կգնահատի: Ոչ թե պետք է վախենալ, որ եկավ եւ ստեղծեց, այլ պետք է հասկանալ, որ մենք այլեւս իրավունք չունենք սխալվելու եւ ուղղակի անվան եւ տեղեկատվության վրա գնահատական տալ: Մենք բոլորս լավ գիտենք ով ինչ է արել, ոնց է արել, ինչքան է արել եւ ըստ դրա պետք է գնահատենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31