Այսօր մեզ հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը մի ուշագրավ հանգամանքի վրա ուշադրություն հրավիրեց:
Մեր դիտարկմանը, որ պատգամավորները կարծես 5-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքներն ավարտված են համարում եւ պատրաստվում են 2017-ի ընտրություններին՝ արձագանքեց՝ հիշեցնելով, ԿԸՀ անդամների ընտրության հարցի քննարկումը. «7 հոգի էին, եկել էին իրենց տեսլականը ներկայացնելու:
Ամեն մեկն ուներ 10-15 րոպե ժամանակ խոսելու, բայց հազիվ 3 րոպե էին խոսում. դահլիճում հարց տվող պատգամավորները ընդամենը 2-3-ն էին: Բայց վերջում ստացան այնքան քանակի ձայն, որ հասկանում ես՝ սա մեր հանրության պատկերն է՝ ինչպես ենք մենք ընտրում»:
Նա իր խոսքում քվեարկության արդյունքներին անդրադառնալիս ասաց. «Մի քանիսն ընդամենը դեմ քվեարկեցին, մի քանիսն էլ ապացուցեցին, որ իրենք այդպես էլ չսովորեցին քվեարկել: Վստահ եմ, որ այդ մարդիկ կարող է արդեն երրորդ, թե չորրորդ նստաշրջանն են պատգամավոր, բայց այդպես էլ չգիտակցեցին, թե ոնց է պետք քվեարկել, որ թերթիկն անվավեր չդառնա: Ունենք այն, ինչ ունենք»:
Կարդացեք նաև
Իսկապես, ԱԺ-ում գրեթե չկա պատգամավորների փակ, գաղտնի քվեարկություն, որի ժամանակ անվավեր քվեաթերթիկներ չլինեն: Եթե համապետական ընտրություններին մարդիկ նշում են, որ Չակ Նորիսին են ընտրում, դա դեռ հասկանալի է, բայց երբ պատգամավորը չի կարողանում կարեւոր հարցի քվեարկության ժամանակ տարրական գործողություն կատարել՝ «դեմ»-ը ջնջել՝ կողմ լինելու կամ «կողմ»-ը ջնջել՝ դեմ լինելու համար՝ սա արդեն մտորելու տեղիք է տալիս:
Վերջին՝ ԿԸՀ անդամների քվեարկության արդյունքներով՝ 21 քվեաթերթիկ անվավեր էր համարվել: Տիգրան Մուկուչյանին ԿԸՀ նախագահ ընտրելու քվեարկությանը՝ 3 քվեաթերթիկ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ