Լրահոս
Օրվա լրահոսը

«Մևլութ Չավուշօղլուի ելույթը ԵԽԽՎ-ում քմծիծաղով են ընդունել». Հերմինե Նաղդալյան

Հոկտեմբեր 12,2016 21:30

Այսօր Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի ելույթը եվրոպացի պատվիրակները քմծիծաղով են ընդունել:

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև անդրադարձել էր ղարաբաղյան  հակամարտության թեմային` հայտարարելով, թե Ռուսաստանն առաջարկում է հայերի` հինգ շրջաններից հեռացման տարբերակը:

Aravot.am-ը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանից հետաքրքրվեց` այս հարցով ո՞րն է հայկական պատվիրակության դիրքորոշումը և արդյոք չե՞ն հակադարձելու Չավուշօղլուի պնդումներին: Տիկին Նաղդալյանը փոխանցեց. «Հետագայում մեր ելույթների ընթացքում հարմար պահի անպայման կհակադարձենք, քանի որ նրա հետ հարցուպատասխանն այդ ձևաչափը չէր ենթադրում»: Տիկին Նաղդալյանը փաստեց, որ Չավուշօղլուն հիմնականում շրջանցել է պատվիրակների հարցերը. «Օրինակ` այնպիսի տպավորություն ստեղծվեց դահլիճում, որ Չավուշօղլուն  Լոզանի պայմանագրին ընդհանրապես տեղյակ չէ»:

Տիկին Նաղդալյանը ծիծաղով նշեց, թե հետաքրքրական էին նաև Թուրքիայի ԱԳ նախարարի զեղումները կապված իրենց ընտանեկան բանավեճերի հետ, որոնք նրա բնորոշմամբ` իբր արտացոլում են համաշխարհային քաղաքական մտքի զարգացումները:

Ըստ տիկին Նաղդալյանի` Չավուշօղլուի հետ հարցուպատասխանն արդեն իսկ ձևավորում է այն վերաբերմունքը, որ պիտի ունենանք նաև ղարաբաղյան հարցի վերաբերյալ իր պատասխանի մասով:

Հերմինե Նաղդալյանը հավելեց. «Մինսկի խմբի և ընթացող բանակցությունների գլխավոր հարցը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Իսկ Թուրքիային  ասվել է, որ լավագույնը, ինչ կարող են անել, հնարավորինս հեռու մնալն է  Ղարաբաղի խնդրի լուծման գործընթացից»:

Մեր այն դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, Չավուշողլուն օգտագործեց հարթակը իր ասելիքը տեղ հասցնելու համար, տիկին Նաղդալյանն արձագանքեց. «Մեկ ժամ խոսեց, բայց, համենայն դեպս, նրա խոսքը լսողների մոտ քմծիծաղով ընդունվեց»:

ԵԽԽՎ-ում տարբեր քննարկումների ժամանակ փաստվել է, որ ՀՀ-ն ԵԽԽՎ-ի լավագույն գործընկերն է և ավելին, Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեն դիտարկվել է Հայաստանում անցկացված հանրաքվեի հետ հակադրության մեջ:

Հիշեցմանը, թե ԵԽԽՎ ամբիոնից հայտարարվեց Երևանում Էրեբունիում` ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցածը, և հարցին` արդյոք դա չի՞ ստվերում ՀՀ-ում գրանցված դրական զարգացումները, տիկին Նաղդալյանը պատասխանեց. «Այդ հարցը բարձրաձայնվել է ոչ թե մի որևէ եվրոպացի պատվիրակի, կամ կառույցի ղեկավարի կողմից, այլ ադրբեջանական պատվիրակության անդամի կողմից`որպես արդարացում: Ոչ մեկ ականջալուր չեղավ, ոչ էլ շարունակեց այդ թեման»:

naira-karapetyan

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը Չավուշօղլուի ելույթի մասին ասաց. «Թուրքիայի ԱԳ նախարարն անազնիվ էր ԵԽԽՎ-ի հետ ոչ միայն Հայաստանին վերաբերող մասում, այլև ամբողջ իր ելույթում և հարցերի պատասխաններում։ Նա բացահայտ ստում էր` աղավաղելով շատ փաստեր, ինչը քմծիծաղ էր առաջացնում ներկաների մոտ։ Միակ ճշմարտությունը Սամադ Սեիդովի հետ հարցուպատասխանի ընթացքում փոխադարձ ջերմ և անդավաճան սիրո խոստովանությունն էր։ Չմոռանանք նաև իր և իր կնոջ հարաբերություններն իբրև Թուրքիայի պետականաշինության հիմնաքար։ Իսկ եթե ավելի կոնկրետ, Թուրքիայի ԱԳ նախարարը գերազանցում է իր իրավունքները և ամեն անգամ փորձում Արցախի հիմնախնդրի հարցում իրեն վերապահել մի դեր, որ որևէ միջազգային փաստաթղթով նրան տրված չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31