«Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ին կառավարությունը հարկային արտոնություն կտա:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության հոկտեմբերի 13-ի նիստի օրակարգից:
Ըստ որոշման նախագծի, կառավարությունը կբավարարի «Հիդրո Կորպորացիա»-ի հայտը՝ ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ նյութերի նկատմամբ մաքսատուրքերից ազատելու վերաբերյալ:
«Հիդրո Կորպորացիա»-ն Արգիճի գետի վրա կառուցել է փոքր ՀԷԿ՝ 9950 կվտ/ժ դրվածքային հզորությամբ եւ 9500 կմ երկարությամբ խողովակաշարով ՀԷԿ: «ԱՐԳԻՃԻ» ՓՀԷԿ-ի շահագործման ծրագրով նախատեսված է արտադրել 30 500 000 կվտ/ժ տարեկան էլեկտրաէներգիա: Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 869 372 000 դրամ:
Կարդացեք նաև
«Արգիճի» ՓՀԷԿ-ի կառուցման եւ շահագործման համար ընդհանուր թվով իրականացված ներդրումների ծավալը, ինչպես ներկայացված է ծրագրում, կազմում է 4 150 000 000 դրամ, որի մի մասն իրականացվել է սեփական միջոցների հաշվին, իսկ հիմնական ծավալը՝ վարկային միջոցների: Ընկերության ծրագրի ընթացքում պետք է ստեղծվի 25 աշխատատեղ՝ 90 000 միջին աշխատավարձով։
Ընկերությունը ՀԷԿ-ի շահագործման համար կառուցել է խողովակաշար ապակեմանրաթելային «JRP» տեսակի խողովակներից, որոնք ներմուծվել են Թուրքիայից:
«Հաշվի առնելով կառուցված «Արգիճի» ՓՀԷԿ-ի աշխարհագրական դիրքը, առկա բնակլիմայական պայմանները, ինչպես նաեւ ջրի համապատասխան ճնշումը, ընկերության համար անհրաժեշտ էր ձեռք բերել եվրոպական չափանիշներին եւ համապատասխան որակական հատկանիշներ ունեցող խողովակներ:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ԵԱՏՄ անդամ պետություններում արտադրվող ապակեմանրաթելային խողովակները համապատասխանում են աշխարհում գործող երկու ստանդարտներից մեկի` ռուսական ստանդարտներին, որոնք նպատակահարմար չէին եւ ռիսկային են սույն ծրագրի իրականացման համար, այդ կապակցությամբ ընկերությունը գտնելով եվրոպական ստանդարտներին համապատասխանող առավել մատչելի տարբերակը Թուրքիայի Հանրապետությունից ներմուծել է 1400մմ տրամագծով 1 025 368.65 կգ քաշով ապակեմանրաթելային խողովակներ, որոնց որակական հատկանիշները եւ համապատասխան ստանդարտների առկայության պայմաններում կարող էր ապահովվել ջրի համապատասխան ճնշում»,-նշված է կառավարությունը ներկայացված նախագծում:
Վաղը կառավարության նիստում, ամենայն հավանականությամբ, կբավարարվի «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ի հայտը եւ նրան մաքսերից ազատվելու արտոնություն կտրամադրվի:
Հիշեցնենք, որ 2013 թվականին Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք այս ընկերության հայտը՝ օրենքով սահմանված կարգով 3 տարով ազատել ավելացված արժեքի հարկից կրկին Թուրքիայից խողովակներ ներմուծելու դեպքում, մերժվել էր:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ