Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն ընդունել է ամերիկահայ հայտնի ճարտարապետ, «Ալթուն և գործընկերներ» կազմակերպության տնօրեն Ռոն Ալթունին:
Ն. Սարգսյանը շնորհավորել է նրան Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում ստանալու կապակցությամբ՝ նշելով, որ շատ կարևորում է նրա՝ կուտակած փորձը դասախոսությունների, վարպետաց դասերի միջոցով ճարտարապետաշինարարական բուհի ուսանողներին փոխանցելու պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում Ն. Սարգսյանն անդրադարձել է նաև 88-ի երկրաշարժից հետո՝ Սպիտակում, ապա նաև՝ Հայաստանում գործընկեր ճարտարապետների հետ Ռոն Ալթունի ծավալած գործունեությանը՝ բարձր գնահատելով նրա դերը՝ Հայաստանում կառույցների նախագծման և խորհրդատվության բնագավառում, մասնավորապես՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի նորակառույց մասնաշենքի և Ավետիսյանների անվան դպրոց-կենտրոնի (Մալաթիա-Սեբաստիա համայնք) ստեղծմամբ միջազգային չափանիշներով կանաչ և էներգախնայող նախագծի իրականացման, ընդհանրապես, նոր տեխնոլոգիաների կիրառման և օգտագործման առումով:
Ռոն Ալթունն իր գոհունակությունն ու պատրաստակամությունն է հայտնել իր նախանշած ծրագրերի շրջանակում Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու առումով, այդ թվում նաև՝ ներկայացնելով իր նախաձեռնությունները՝ հայ-ամերիկյան ճարտարապետ ուսանողների փոխանակման ծրագրի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին Նարեկ Սարգսյանը և Ռոն Ալթունը երկուստեք կարևորել են առաջիկայում՝ ներդրումային զարգացման ծրագրերի համատեքստում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ