Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյան. «Եթե աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար չշարունակեի պայքարել, շախմատ ուղղակի չէի խաղա»

Հոկտեմբեր 12,2016 18:10

«Կոնգրես» հյուրանոցում Արիաննե Կաուլիի շախմատային բարեգործական միաժամանակյա խաղի ժամանակ անսպասելի սրաh մտավ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը:

Նա Երեւան է եկել Մոսկվայից, որտեղ Միխայիլ Տալի հուշամրցաշարում 5,0 միավորով զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը: Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանպատրաստից զրույցում Արոնյանը թվարկեց այս եւ հաջորդ տարի նախատեսվող իր մասնակցությամբ գերհզոր մրցաշարերը, գնահատեց Միխայիլ Տալի հուշամրցաշարում ցույց տված իր արդյունքները:

Հարցին, թե շարունակելո՞ւ է պայքարել աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար, շախմատիստը պատասխանեց. «Եթե դրա համար չպայքարեի, շախմատ ուղղակի չէի խաղա: Դրա մեջ եմ տեսնում իմ շախմատ խաղալու իմաստը: Վերջին մրցաշարերում, կարծես, վատ չեմ խաղում: Միավորներս շատ չեն՝ ավելի պետք է հավաքեմ, բայց տենդենցիան լավն է, լավ դիրքեր շատ եմ ստանում»:

Aravot.am-ի հարցին, թե օրերս Խանտի Մանսիյսկում աշխարհի պատանիների չեմպիոնի կոչումը նվաճած Հայկ Մարտիրոսյանի եւ Մանուել Պետրոսյանի մեջ ինքը ապագա Արոնյանների տեսնո՞ւմ է, գրոսմայստերը պատասխանեց. «Շատ տաղանդավոր երեխաներ են: Մեր պատանիներից այնպիսիներն էլ կային, որոնք հաջող հանդես չեկան, բայց նրանք էլ շատ ուժեղ են իրենց տարիքային խմբերում»:

Մեր երկրորդ հարցին, թե Արիաննեն այսօր 22 խաղատախտակների առեւ նստածներից կարո՞ղ է պարտություն կրել, Արոնյանը ծիծաղով հակադարձեց. «Կարող է այդպես էլ լինել: Շախմատի որակը Հայաստանում բարձրանում է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31