Հատկապես վերջին 2-3 տարում ամեն անգամ, երբ կառավարությունը արտաքին աղբյուրներից խոշոր վարկեր է վերցնում, տնտեսագետներն ահազանգում են, որ մեր` հատկապես արտաքին պարտքը մոտենում է վտանգավոր շեմի: Այսօրվա դրությամբ պետական պարտքը 5 միլիարդից ավելին է: Սակայն կառավարության պատասխանատուներն էլ ամեն անգամ վստահեցնում են` Հայաստանը հուսալի վարկառու է, պետական պարտքն էլ կառավարելի մակարդակում:
Այսօր «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը, պատասխանելով պետական պարտքի կառավարման ռիսկերի վերաբերյալ հարցերին, ասաց, որ Հայաստանը դասվում է միջին պարտք ունեցող երկրների շարքին եւ որ պարտքն այսօր այն միջակայքում չէ, երբ որ շատ լուրջ մտահոգության առարկա լինի. «Հայաստանը համարվում է ամենապարտաճանաչ պարտապանը եւ բոլորը հաճույքով մեզ փող են տալիս»:
Հարցին, թե այդ տրամադրված գումարների ծախսման արդյունավետությունն ինչպիսի՞ն է, պարոն Մարգարյանն ասաց, որ ինքը պատասխանատու է պետական պարտքի կառավարման ռազմավարության համար:
Տնտեսական լրագրողների ակումբի հրավիրած ասուլիսի մեկ այլ բանախոսը` տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, սակայն գտնում էր, որ կառավարության ծախսած միջոցների արդյունավետության գնահատականը պետք է տան քաղաքական մարմինները եւ առաջին հերթին` Ազգային ժողովը:
Կարդացեք նաև
Պարոն Մարգարյանի դիտարկմամբ, արդյունավետության մասին պետք է խոսել, այն տեսանկյունից, թե որքանով է պարտքի ներգրավումը համադրելի մասնավոր հատվածում ընթացող ներդրումային գործընթացների եւ ներգրավող մասնավոր ներդրումների ծավալների հետ:
Արշալույս Մարգարյանը պարբերաբար պարտք վերցնելն այսպես արդարացրեց. «Արտաքին պարտք վերցրել ենք ներքին շուկան ձեւավորելու եւ կայացնելու համար»: Ըստ նրա միջազգային կազմակերպությունները կայացող տնտեսություններին երկարաժամկետ ու արտոնյալ վարկեր են տրամադրում. «Բայց այդ վարկերն ունեն որոշակի սահմանաչափ ու որոշակի պայմաններ, եթե երկիրը ոտքի է կանգնում, ինչը չափվում է մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշով, եթե երկիրը մի քանի տարի շարունակ ունենում է ընդունելի ցուցանիշ, ապա նրանք խստացնում են վարկավորման պայմանները եւ կրճատում են տրամադրվող արտոնյալ վարկային միջոցները: Ակնհայտ է, որ մեծացող ՀՆԱ-ի պայմաններում, որքան էլ փոքր դեֆիցիտ դու ծրագրես պետական բյուջեում, այդ թիվը բացարձակ չափերով ավելի մեծ է լինելու, քան նախորդ` ավելի ցածր ՀՆԱ-ի պայմաններում ծրագրած ավելի մեծ դեֆիցիտը: Եվ այդ դեֆիցիտը ֆինանսավորելու համար, որպես աղբյուր պետք է ծառայեն կամ շուկայական պայմաններում ներգրավող արտաքին վարկերը կամ ներքին աղբյուրներից ներգրաված միջոցները, եթե դու այդ հնարավորությունն ունես»:
Արշալույս Մարգարյանի խոսքերով վերջին 2-3 տարիները մեզ համար շատ ավելի հասանելի են դարձել ներքին խնայողությունները եւ ներքին շուկայից ներգրավող միջոցները. «Մեր գործողություններն ուղղակի ցույց են տալիս, որ պարտքի մեջ ավելի արագ աճում է ներքին աղբյուրներից ներգրաված պարտքը, ինչը որպես պարտքի կառավարիչ ընդունում եմ որպես դրական միտում»
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ