«Կարծում եմ՝ մենք ունեցանք լավ արդյունք, իսկ այդ արդյունքի ճանապարհին, եթե եղել են բացթողումներ, իսկ դրանք եղել են, այդ բացթողումների եւ խնդիրների մասին մենք պետք է մտածենք»,- հոկտեմբերի 12-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հանրապետական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
Ասուլիսին մասնակցում էր նաեւ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, նա նշեց, որ հասարակության ընդհանուր խնդիրն է, եւ առաջին հերթին Հանրապետականը պետք է մտածի, թե ինչու են խնդիրներ առաջանում. «Ոչ թե Շարմազանովի նման ուրախանար, որ ՏԻՄ ընտրություններում նրանք, ովքեր Հանրապետական չէին, ընտրվել էին գյուղապետեր, դարձան Հանրապետական: Եթե նրանք ուզենային Հանրապետական լինել ավելի շուտ կդառնային, եւ հստակ կիմանայիք, որ նրանք ձեր կուսակցության գաղափարախոսությունը կրող մարդիկ են:
Ինչո՞ւ եք ստիպում կամ պայմաններ թելադրում, որ նրանք դառնան Հանրապետական, ինչո՞ւ եք լավ զգում դրանից, որ Գյումրիում եւ Վանաձորում իսկապես դավաճանություն է լինում: Այնտեղ ձեզ պարզ առաջարկեցին՝ թո՛ղ լինի պարզ քվեարկություն, որովհետեւ այդ պարագայում պարզ էր՝ 18-ը 15-ին հաղթելու էր: Եթե երեւույթը դա էր, եկեք ընդունենք իրողությունը ամեն ձեւով իշխանությունը պահպանելը շատ սխալ է»:
Ռուզաննա Մուրադյանը պատասխանեց. «Հիշո՞ւմ եք նախկին Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ասում էիք լինի փակ, գաղտնի քվեարկություն: Ընդդիմությունը պայքարում էր, որ քվեարկությունը լինի փակ, որպեսզի մարդիկ իրենց ձայնը չնկարեն, տանեն եւ Ձեր ասած այդ ընտրակաշառքները ստանան: Հիմա ասում եք՝ քվեարկությունը լինի բաց: Միգուցե մարդը իր կուսակցության քաղաքական գծի հետ եկել է, բայց ինչ-որ բան է խանգարում կամ սկզբունքային մոտեցում կա որեւէ քաղաքապետի թեկնածուի նկատմամբ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ