«Զինվոր էիր հայոց բանակի,
Ապրեցիր կյանքի ընդամենը քսան գարուն,
Քսանմեկին չհասար,
Տուն էլ չհասար»։
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 12-ին Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցում անցկացվեց ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայող, տանկիստ Վահե Զաքարյանի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառում։
Կազմակերպիչ Սյուզաննա Ստեփանյանը վերհիշեց՝ ինչպես էին ամիսներ առաջ դասընկերոջ հետ պլանավորել նրա հերթական ծննդյան օրը։ Հանդիպումն այդպես էլ չկայացավ։ «Միջոցառման համար խոսքեր գրելիս փորձեցի սիրտս մի կողմ դնել և պատմել իրականությունը։ Սակայն դժվար է մարդկանց համոզել, որ Վահեն այլևս չկա, երբ դու ինքդ սպասում ես նրա վերադարձին։ Մեր ընկերները հերթով զորացրվում են, և ամեն անգամ թվում է, թե Վահեի ժամանակը չի եկել, առջևում հուլիս է, և նա հետ է գալու»,- անկեղծացավ Սյուզաննան։
Նույն օրն ազատամարտիկի տան բակում բացվեց նրա անունը կրող հուշաղբյուր՝ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի մասնակցությամբ։
Վահեի հայրը՝ Սամվել Զաքարյանը, կոչ արեց ծնողներին շատ երեխաներ ունենալ և նրանց մեջ խիզախ զինվոր դաստիարակել․ «Մեր ազգի համար ծանր օրեր եղել են, կան, ու չի բացառվում, որ էլի կլինեն։ Այս հուշաղբյուրը պիտի հիշեցնի մեր ժողովրդին իր անցյալն ու հերոսներին։ Թող բոլորի զավակները տուն վերադառնան, հարսանիք անեն, ընտանիք կազմեն, բազմանան»։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ