ՙՀավանաբար, չենք տա ՙասոցացման համաձայնագիր՚ որակումը, քանի որ անցյալում մենք ունեցել ենք ասոցացման համաձայնագրի նախագիծ, սակայն վերակողմնորոշվելու պատճառով չենք անցել դրան: Բայց հիմա մենք բանակցություններ ենք սկսել նոր՝ շրջանակային համաձայնագրի շուրջ, որոնք շատ լավ են ընթանում՚,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ներկայիս փուլին, ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը:
ՙՄենք առաջընթաց ենք գրանցում, հասցրել ենք ավարտել փաստաթղթի մի քանի գլուխ: Բանակցությունների հաջորդ փուլը շուտով կսկսվի Երեւանում՝ շարունակելով այս դրական ոգին՚,-տեղեկացրեց նա:
Դիրկ Լորենցի բնորոշմամբ՝ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելն անցյալ է. ՙՄենք հիմա բանակցում ենք մի համաձայնագրի շուրջ, որը կհամապատասխանի Հայաստանի այլ հանձնառություններին: Միեւնույն ժամանակ, պետք է պարզ հասկանանք, թե ինչ են ակնկալում կողմերը՝ երկկողմանի հարաբերություններից՚:
ԵՄ պատվիրակության պաշտոնյան անդրադարձավ նաեւ ՀՀ նոր կառավարությանը՝ ընդգծելով. ՙԱնհամբեր սպասում ենք նոր կառավարության հետ աշխատանքին՝ շարունակելու մեր ընդհանուր օրակարգը, որով Եվրամիությունը պատրաստ է օգնել Հայաստանին՝ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին՚:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ