Այսօր, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի «Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում» բացվել է «Երևանյան ճարտարապետական բիենալե-2016» համահայկական ճարտարապետական բիենալեն, որի նպատակն է հայ ճարտարապետության քարոզումն ու հանրահռչակումը: Բիենալեն, որը կազմակերպվում է երկու տարին մեկ` հանդիսանում է յուրահատուկ հարթակ ոչ միայն Հայաստանի, այլև՝ արտերկրի հայ ճարտարապետների աշխատանքների ցուցադրման համար:
Համահայկական մրցույթ-ցուցահանդեսի բացմանը թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը ողջունելով ներկաներին նշել է, որ նմանատիպ ցուցահանդեսները կարևոր են, քանի որ հնարավորություն են տալիս ներկայացնելու մեր ճարտարապետության պատմությունը, ներկան և զարգացման հեռանկարները:
Մրցույթ-ցուցահանդեսին աշխատանքներ էին ներկայացրել 75 հեղինակներ՝ հայազգի ճարտարապետներ և ճարտարապետական արվեստանոցներ՝ բավական հարուստ աշխարհագրությամբ՝ Հայաստան, Արցախ, ՌԴ, Թուրքիա, Իտալիա, Քաթար, Լիբանան:
Ներկաներին, ինչպես նաև մրցույթ-ցուցահանդեսի մասնակիցներին ողջունեցին նաև հանձնաձողովի նախագահ Արմեն Ղուլարյանը, հանձնակատար Աշոտ Գրիգորյանը և Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Հավելենք, որ մրցույթ-ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներր միջազգային հանձնախմբի կողմից գնահատվելու են ըստ հետևյալ անվանակարգերի` լավագույն հասարակական/արտադրական շենք (բազմաֆունկցիոնալ համալիր), լավագույն բնակելի շենք (բազմաբնակարան բնակելի տուն, մենատուն), պատմամշակութային հուշարձանի վերականգնում, լավագույն ինտերիեր, հայկական ճարտարապետության և հայ ճարտարապետների մասին տպագիր հրատարակություն, ֆիլմ, ճարտարապետական փոքր ձևեր, երիտասարդ մասնակից։
Աշխատանքները ցուցադրվելու են մինչև տարեվերջ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ