«Ինքն ո՞ւմ է հետաքրքրում, որ իր հետ ինչ-որ բան պատահի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն`անդրադառնալով խորհրդարանում նախագահի նախկին մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի այն հայտարարությանը, որ եթե իրեն կամ իր ընտանիքի անդամներից որեւէ մեկին մի բան պատահի, ապա մեղավորը Սերժ Սարգսյանն է:
«Ինքն իրեն ուզում է արժեւորել: Դա մոդայիկ հայտարարություն է: Հիշո՞ւմ եք, վերջին նախագահական ընտրություններից հետո էլ Օպերայի բակում, այդ նույն բաները որոշ քաղաքական գործիչների կողմից հնչում էր (Վահրամ Բաղդասարյանը նկատի ունի Րաֆֆի Հովհաննիսյանին-Ն. Գ): Այսինքն, նրանք ուզում են հետաքրքրացնել իրենց կարևորությունը: Բայց այդ կարեւորությունը չկա: Առավել եւս այս պարագայում, նման քաղաքական գործիչները անտեսված են քաղաքական դաշտում»:
Հարցին` ինչո՞ւ էր Վիկտոր Դալլաքյանն իրեն մեկուսացած զգում, ինչո՞ւ այդպես էլ նրա կարողությունները ՀՀԿ-ում չցանկացան օգտագործել, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ Վիկտոր Դալլաքյանը ակտիվ մասնակից է եղել բոլոր գործընթացներին ու թե ի՞նչն է մեկուսացում համարում`ինքը պետք է պատասխանի. «Դա իր որոշումն է եղել եւ եթե ազնիվ է, պետք է ազնիվ պատասխաններ տա այդ հարցերին եւ ոչ թե խեղաթյուրված»:
Տեսակետ կա, որ Վիկտոր Դալլաքյանն «ընդդիմություն խաղալով» Բաղրամյան 26-ի պատվերն է կատարում: Ի դեպ, անցած տարիների ընթացքում նման բազմաթիվ նախադեպեր ենք ունեցել: Այս դիտարկումներին Վահրամ Բաղդասարյանը հակադարձեց. «Մենք նման գործերով չենք զբաղվում եւ դրա կարիքը չունենք: Ինքներդ էլ եք համոզվել, որ հաճախորդների կարիք չունենք: Այլ խնդիր է, եթե իրենք ցանկանում են հաճախորդ դառնալ: Բայց մեզ մոտ հաճախորդները տեղ չունեն: ՀՀԿ-ն քաղաքական դաշտի ամենաազդեցիկ ուժն է, հաճախորդների կարիք էլ չունենք: Մենք կցանկանայինք, որ ՀՀԿ-ին այլընտրանք քաղաքական ուժ լիներ դաշտում, որպեսզի մեր գործունեությունն ավելի արդյունավետ իրականացնենք»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ