Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարավային Կովկասն ապասառեցվում է. Foreign Affairs

Հոկտեմբեր 12,2016 15:22

Ամերիկյան հեղինակավոր Foreign Affairs պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, որը լույս է տեսել «Հարավային Կովկասն ապասառեցվում է» գլխագրով: Հոդվածի հեղինակը Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի՝ Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի գծով փոխտնօրեն Ջեֆրի Մանքոֆն է:

Մանքոֆը հիշեցնում է, որ սառը պատերազմի վերջին տարիներին տարածաշրջանի երեք պետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը պատերազմի փուլով անցան: 1990-ականների սկզբին հրադադարի համաձայնագրերը սառեցրին տարածաշրջանի հիմնական անջատողական հակամարտությունները, որից հետո տարածաշրջանային կարգը Հարավային Կովկասում եղել է լարված, բայց հիմնականում լճացած (բացառությամբ 2008թ. ռուս-վրացական դիմակայության):

Թեև Վրաստանում իրավիճակն առավել կայուն է, նույնը չի կարելի ասել տարածաշրջանի մյուս երկու պետությունների մասին, գրում է Մանքոֆը: Նա նշում է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանը շարունակում է մնալ ամենակարևոր դերակատարը, իսկ վերջերս նրա դիվանագիտական դերը տարածաշրջանում ավելացել է: Այնուամենայնիվ, Ռուսաստանը միակ պետությունը չէ, որը տարածաշրջանում իր շահերն ունի: Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը՝ Թուրքիան, որն ավելի քան 20 տարի առաջ փակել էր Հայաստանի հետ սահմանը՝ ի զորակցություն Ադրբեջանի, 2016թ. հուլիսի հեղաշրջման փորձից հետո սկսել է վերանայել իր դերակատարությունը տարածաշրջանում: Իսկ երկար տարիներ միջազգային մեկուսացման մեջ հայտնված Իրանը այժմ տարանցիկ միջանցքներ է փնտրում Հարավային Կովկասում:

Մինչ Մոսկվան, Անկարան և Թեհրանը մրցակցում են տարածաշրջանում ազդեցության համար, Եվրոպական միությունը, որը երկար տարիներ փորձում էր, այսպես կոչված, Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը ներքաշել իր ուղեծիր, զբաղված է իր ներքին ճգնաժամով: Նման զարգացումների արդյունքում Հարավային Կովկասում ստատուս քվոն սկսում է ճեղքեր տալ, գրում է Մանքոֆը:

Վերջին տասնամյակներին Հայաստանը, և հատկապես Ադրբեջանը ավելացրել են սպառազինությունը, այդ թվում՝ Ռուսաստանի օգնությամբ, շարունակում է հեղինակը: Այսպես կոչված՝ շփման գծի երկայնքով Հայաստանի ու Ադրբեջանի միջև բախումների հաճախականությունն ավելացել է հատկապես 2014-2016թթ. ընթացքում: Ընդ որում, առանձին դեպքերում հրադադարի խախտում է գրանցվում նաև Հայաստանի և Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա: Հոդվածագիրը կարծում է, որ Բաքվի՝ գնալով աճող ռազմական կարողությունները և կառավարությունից դժգոհությունը Ադրբեջանի իշխանություններին նոր խթան են տալիս՝ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու:

Հեղինակը փաստում է, որ ապրիլյան բախումներն աննախադեպ էին 1990-ականներից հետո: Ու չնայած ապրիլի 5-ին Ռուսաստանի միջամտությամբ պատերազմն ավարտվեց, դրա հետևանքով սպանվեց 200-350 զինվոր և քաղաքացիական անձ, իսկ Ադրբեջանը մի քանի առաջնային դիրքեր գրավեց:

Թեև Ադրբեջանի գրաված տարածքները սահմանափակ ռազմավարական նշանակություն ունեն, բայց դա նախազգուշացում էր առ այն, որ վերջին 2 տասնամյակների համեմատաբար կայուն իրավիճակը կարող է հարատև չլինել: Բացի այդ, դա ցույց տվեց, որ տարածքային փոփոխությունները կարող են պարտադրվել ուժով, իսկ տեղերում առաջացրեց լարվածություն, որին թե՛ Բաքվի, թե՛ Երևանի համար դժվար կլինի առերեսվել, գրում է Մանքոֆը:

Նավթի ցածր գները վնաս են հասցրել Ադրբեջանի տնտեսությանը. Իլհամ Ալիևի կառավարությունը բախվել է ինֆլյացիայի, արժույթի արժեզրկման և գործազրկության: Բացի այդ, ապրիլյան պատերազմն առաջ է բերել ազգայնականության ալիք, և, չի բացառվում, որ առաջիկա ամիսներին Ադրբեջանի իշխանությունները կփորձեն ճնշում գործադրել Լեռնային Ղարաբաղի վրա՝ ներքին խնդիրներից ուշադրություն շեղելու համար:

Ինչ վերաբերում է Հայաստանին, վերջին պատերազմում տարածքային կորուստները և բանակի թույլ պատրաստականությունը այս երկրի մոտ սուր խոցելիություն է առաջացրել և վրեժխնդրության հասնելու ծարավ: Բացի այդ, պատերազմը երևան բերեց նաև հիասթափություն Ռուսաստանից: Բանն այն է, որ Մոսկվան համարվում է Հայաստանի անվտանգության երաշխիքը, արդյունքում Երևանը ստիպված ընդունում է Ռուսաստանի ռազմական ներկայությունն իր տարածքում: Շատ հայեր կարծում են, որ ապրիլյան ճգնաժամի օրերին Ռուսաստանը բավարար չափով օգնություն չի ցուցաբերել, գրում է Մանքոֆը:

Հոդվածագիրը կարծում է, որ հայ-ադրբեջանական վերջին բախումից, թերևս, ամենամեծ հաղթողը դուրս եկավ հենց Ռուսաստանը: Ապրիլի 5-ին պատերազմի դադարեցումը տեղի ունեցավ հենց այդ երկրի միջամտությամբ, որով ազդարարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ որպես միջնորդի անարդյունավետությունը: Բացի այդ, դա ևս մեկ անգամ ընդգծեց այն փաստը, որ Ռուսաստանն ավելի շատ լծակներ ու շահեր ունի տարածաշրջանում, քան Մինսկի խմբի մյուս անդամ երկրները՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ը:

Մտավախություն կա, որ Ռուսաստանը կփորձի օգտագործել Հայաստանի ու Ադրբեջանի հուսահատությունը՝ պարտադրելու այնպիսի համաձայնագիր, որը կամրապնդի իր սեփական դիրքերը: Ռուսաստանը Բաքվին ակնարկել է, որ միայն Կրեմլն ունի այնպիսի ազդեցություն Հայաստանի վրա, որ կարողանա վերջինիս ստիպել վերադարձնել իր վերահսկողության տակ գտնվող տարածքները: Ադրբեջանի իշխանությունների համար սա գայթակղիչ հեռանկար է, բայց նրանց հուզում է այն հարցը, թե ինչ կպահանջի Մոսկվան դրա փոխարեն: Ամենայն հավանականությամբ, նման կարգավորման պարագայում Ադրբեջանից կպահանջվի անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որով թերևս կսահմանափակվի Ադրբեջանի կողմից նավթի և բնական գազի վաճառքը Եվրոպային: Երևանում էլ պաշտոնյաները վախենում են, որ Ռուսաստանը կպարտադրի հանձնել իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, իսկ Հայաստանը դրա դիմաց քիչ բան կստանա: Ի վերջո, Ռուսաստանը ցանկանում է իր խաղաղապահները տեղակայել Լեռնային Ղարաբաղում և վերահսկել խաղաղությունը:

Իր նկրտումների ճանապարհին այսօր Ռուսաստանը դեռ մեծ հաջողությունների չի հասել՝ շնորհիվ Հայաստանում ու Ադրբեջանում ընդդիմությունների և միջազգային հանրության: Բայց նոր պատերազմի դեպքում Ռուսաստանը կարող է ավելի լավ դիրքավորվել, իսկ ԱՄՆ-ը և Ֆրանսիան կարող են տեղի տալ:

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հիասթափված են խաղաղության գործընթացից, որն ուղղված է ավելի շատ հակամարտության կառավարմանը, քան կարգավորմանը: Հարավային Կովկասը Խորհրդային Միության փլուզումից հետո 25 տարիների ընթացքում ստացել է դրամայի իր բաժինը: Դատելով նախանշաններից՝ այս տարածաշրջանին առաջիկայում նոր ցնցումներ են սպասվում, եզրափակում է Ջեֆրի Մանքոֆը:

 

Պատրաստեց՝Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31