Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասարակությանը թվում է, որ եթե «վատ տղերքին» լիկվիդացնեն, կգան «լավ տղերքը». Ալ. Իսկանդարյան

Հոկտեմբեր 12,2016 15:19

Այսօր Կովկասի ինստիտուտում «Սասնա ծռեր» զինված խմբի գործողությունների եւ այդ գործընթացներին հասարակական ընկալումների մասին քննարկում էր կազմակերպվել:

Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքերով՝ հուլիսյան իրադարձությունները հենց այնպես չստեղծվեցին: Ըստ նրա, Շանթ Հարությունյանի հետ կապված դեպքը շատ նման էր «Սասնա ծռերի» գործողություններին, երբ անհասկանալի էր, թե ինչ են անում, ինչ նպատակ ու ծրագիր ունեն, խումբը հավաքվել էր պատահական ինչ-որ եղանակով:

Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ ՀՀԿ-ն 2012-ի ընտրություններում բոլոր կարեւոր պորտֆելներն իրենով արեց՝ տեղ չթողնելով այլ քաղաքական ուժերի՝ քաղաքական որոշումների վրա որեւէ ազդեցություն ունենալ: Եվ այդ ամենը պարպվում է փողոցներում:

Իսկանդարյանը հակադարձեց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի այն տեսակետին, որ եթե ԱԱԾ-ն, ոստիկանությունը իրենց գործը լավ կատարեին, չէր լինի զինված հարձակումը: Իսկանդարյանի խոսքերով՝ տեսականորեն դա ճիշտ է, որ մեղավոր են. «Իսրայելո՞ւմ էլ են ծառայությունները վատ իրականացնում, այնտե՞ղ է ոստիկանությունը ոչ պրոֆեսիոնալ, ինչպես մեզ մոտ: Իսրայելում էլ ահաբեկչություն կա, ՌԴ-ում էլ չեն կարողանում, հա՞ լսեն, ԱՄՆ-ում էլ: Հասկանալի է, որ որոշ պաշտոնյաներ լավ չեն աշխատել»:

Նրա խոսքերով՝ իհարկե, պետք է իշխանությունները կանխատեսեին դա, դեռեւս Շանթ Հարությունյանի դեպքերից հետո, բայց միայն խնդիրն առաջանալուց հետո են մտածում, թե ինչպես լուծեն այն:

Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ այդպիսի սինդրոմ կա, հասարակությանը թվում է, որ եթե «վատ տղերքին» լիկվիդացնեն, կգան «լավ տղերքը». «Երբ երկրում այդպիսի քննարկումներ են ծավալվում, ապա մեծ է հավանականությունը, որ ահաբեկչական գործողություններ կլինեն: Եթե մեծ թվով մարդիկ դա ասում են, որ պետք է սպանել, բոլորին վերացնել, կգտնվի 10 մարդ, որը դա շատ լուրջ կընդունի եւ կա հավանականություն, որ նրանք կարող են դա իրականացնել»:

Նա ասաց, որ հանրահայտ դառնալը եւ հանրության սերը վայելելը մեր հասարակության մեջ շատ հեշտ է: Ռադիկալ մոտեցումներից հետո հենց սկսում ես բանական լուծումներից խոսել՝ միանգամից հեղինակության անկում է լինում. «Ընդամենը 2-3 հարցազրույց, թե ինչքան սրիկա են բոլորը եւ քեզ ձեռքերի վրա կտանեն»:

Պատգամավոր Թեւան Պողոսյանը կատակեց՝ երեք հարցազրույցով չես հաղթի, մրցակիցները այդ առումով շատ են: Նա նաեւ ասաց, որ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին՝ ռադիկալ ուժերը հաջողության չհասան: Նա նաեւ հիշեցրեց, թե ինչ արդյունքներ գրանցվեցին, երբ Միայնակ Գայլն առաջադրվեց Ծաղկահովիտում:

aleqsandr_iskandaryan

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ ասաց, այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում, յուրահատուկ չէ. «Այս մթնոլորտը մոտակա տարիներին չի փոխվելու: Հայաստանյան իրականությունում դժգոհությունները մնալու են, բայց դա կարող է սահմանափակվել զուտ քաղաքական գործընթացներով՝ ավելի բաց քաղաքական ընտրությունների միջոցով»:

aram_abrahamyan-3

Թեւան Պողոսյանը հարցրեց Արամ Աբրահամյանին՝ խնդիր չունի՞ մամուլը, որ սցենարներ մշակի, դասեր քաղի, թե նման իրավիճակում, երբ ՊՊԾ գունդ են գրավել, ինչպես պետք է աշխատել, ինչը կարելի է ցույց տալ, ինչը՝ ոչ: Արամ Աբրահամյանը համաձայնեց, որ իսկապես խնդիր կա. «Լրագրողները չպետք է շտապեն ահաբեկիչների ուղերձները տարածել, որովհետեւ դա կարող է վտանգել թե՛ պատանդների, թե՛ զավթողների կյանքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31