Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՊԾ գունդը գրավելու համար ոստիկանապետը պետք է պատասխան տար». Արամ Աբրահամյան

Հոկտեմբեր 12,2016 14:49

Այսօր Կովկասի ինստիտուտում «Սասնա ծռեր» խմբի գործողությունների եւ հասարակական ընկալումների մասին քննարկման ժամանակ «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ներկայացրեց այն զգայական ֆոնը, որ կար հուլիսին՝ գործողությունների «հերոսների» հետ կապված. «Մենք փորձում էինք հնարավորինս զերծ մնալ էմոցիաներից եւ ֆեյսբուքյան արձագանքներից, որովհետեւ էմոցիաների հիմնական աղբյուրը ֆեյսբուքյան քննարկումներն են: Ես ստիպված էի այն ժամանակ որոշ մարդկանց հանել իմ ֆեյսբուքյան ընկերների ցանկից, որովհետեւ նրանց արձագանքը չափից դուրս էմոցիոնալ էր: Իմ տեսակետը տարբերվում էր հուլիսին հայկական հասարակության տեսանկյունից»:

Արամ Աբրահամյանը մեջբերեց Վարուժան Ավետիսյանի խոսքը, որ «Ժողովուրդը պետք է պայքարի, չենք թողնի, որ մեր երկիրը դառնա ռուսական նահանգ»: Նրա խոսքերով՝ «1992-ից հնչում է նախագահի հրաժարականի պահանջը, դա նոր չէր, եւ առաջին անգամ թերեւս միակ գաղափարական պնդումն էր, որի հետ, եթե խմբի գործողությունները մի կողմ թողնենք, ես համաձայն եմ»:

Թե որ կուսակցություններն էին անվերապահորեն աջակցում կամ դատապարտում «Սասնա ծռերի» գործողությունները, Արամ Աբրահամյանն ասաց, որ դատապարտողներն էին ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն. «ՀՅԴ-ն պարզ էր, որ իշխանական կոալիցիայի մաս էր, ՀՀԿ-ին թույլ չէին տալիս խոսելու, որովհետեւ լարված վիճակ էր, ՀՀԿ-ն մարդկանց նյարդերի վրա ազդում էր եւ ավելի կգրգռեր: Իսկ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ունի իր սպեցիֆիկ մոտեցումները, որը ներկայացրեց «Դատեք ինքներդ» հոդվածում: Նրա դիրքորոշումը չափազանց ոչ ձեռնտու դիրքորոշում էր ՀԱԿ-ի համար: Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն քաղաքական գործիչ է, այլեւ՝ գիտնական եւ մտավորական եւ դա նրա համար ավելի կարեւոր է, քան քաղաքական ինչ-որ դիվիդենտներ շահելը: Մի քանի առանցքային հարցերում նա չի փորձել դիվիդենտներ հավաքել: Մնացած գրեթե բոլոր կուսակցությունները աջակցում էին, ասում էին՝ ոստիկանական գնդի գրավելը սխալ է, բայց….Այդ բայցից հետո վերապահում ունեին՝ հասկանալի պատճառներով: Հայտնի իրավապաշտպանները նույնպես այդ դիրքորոշումն էին հայտնում»:

Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցությանը, որը ողջունելով զինված ակցիան՝ պնդում էր, որ տղաները այլ ելք չէին տեսնում, ըստ Արամ Աբրահամյանի, այդ դիրքորոշումն այնքան էլ պոպուլյար չէր, քանի որ քաղաքական ուժը, երբ ասում է, որ իշխանությունների ապօրինությունները դատապարտում եմ, բայց «Սասնա ծռերինը»՝ ոչ, արդեն իսկ խոցելի է դառնում:

Արամ Աբրահամյանի գնահատմամբ, ոստիկանները պարտավոր էին շրջապատել ՊՊԾ գնդի տարածքը՝ չթողնելով, որ քաղաքական եւ ոչ քաղաքական ուժերը ներխուժեին տարածք, զինվեին: Բայց այդ ամենը, նրա խոսքերով՝ մեր ոստիկանության բնավորության համաձայն արվում էր խուժանավարի. «Ով էր մեղավոր, որ զինյալ խումբը գրավեց ՊՊԾ-ն՝ նախեւառաջ իշխանությունը ՝ԱԱԾ-ն, ոստիկանությունը: Եթե Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում էր զինված հարձակում կազմակերպելու մեջ, ԱԱԾ-ն պետք է լսեր խմբի անդամների խոսակցությունները: Եթե չի իմացել, ուրեմն ԱԱԾ-ն վատ է աշխատում: ՊՊԾ գունդը պահպանելը ոստիկանության սուրբ պարտականությունն էր, ինչը ոստիկանները չարեցին: Հետեւաբար՝ ոստիկանությունը խիստ պատասխանատվություն է կրում այդ սխալի համար: Ոստիկանապետը պետք է պատասխան տար: Կառավարության շատ նախարարներ փոխվեցին, բայց ոստիկանապետն ու ԱԱԾ պետը, ինչպես տեսաք, չփոխվեցին»:

Արամ Աբրահամյանն ասաց, որ կառավարության մերժելի դեմքերից հրաժարվելը ցույց է տալիս, որ իշխանությունը ՊՊԾ գնդում կատարված գործընթացներից հետեւություն արել է:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31