Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից միմիայն մրցավարի կողմնակալ գնահատման պատճառով. Նաիրա Կարապետյան

Հոկտեմբեր 12,2016 14:17

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի
ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ

Զեկույցը վերաբերում է մի հարցի, որն առաջին հայացքից ոչ շատ կարևոր է թվում, բայց իրականում մի ոլորտ է, որ միավորում է մարդկանց, ժողովուրդներին և հասարակությունների: Սպորտն իրոք համաշխարհային ճանաչում ունի: Եվ միանշանակ այն պետք է ազատ լինի և հեռու լինի քաղաքականությունից, անարդարությունից և անհավասարությունից, սրանց ցանկացած ձևից: Սպորտը պետք է լինի հստակ և մաքուր: Եվ հիրավի, ցանկացած մարզիկի համար ամենացանկալի բարձրագույն նպատակը Օլիմպիական խաղերին հաղթանակն է:

Այս տարին Օլիմպիական տարի էր, և այստեղ գտնվող երկրներից շատերը պատիվ ունեցան մասնակցելու և հաղթելու այդ խաղերին: Իմ երկիրն էլ ունի ոսկե մեդալ, և ես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել հունահռոմեական ոճում օլիմպիական չեմպիոն դարձած հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:

Բայց ցավոք, սպորտում ևս, ինչպես մենք տեսնում ենք, շատ են նաև անարդարությունները, երբ մրցավարները դատելիս չեն հենվում խղճի և կանոնների վրա, այլ փորձում են ինչ-ինչ ծառայություններ մատուցել որոշ ազդեցիկ մարդկանց: Դրա վառ օրինակն մենք ականատես եղանք Ռիոյի խաղերի ժամանակ, երբ հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից և ստացավ արծաթ միմիայն մրցավարի կողմնակալ և անարդար գնահատման պատճառով: Պարտադիր չէ լինել մասնագետ, որպեսզի համոզվեք իմ ասածում, բավական է դիտել ներկաների զարմանքը և վերաբերմունքը, երբ հայտարարվեցին արդյունքները. բոլորը սուլում էին այսպես կոչված չեմպիոնին և ծափահարում Միհրանին: Այս օրինակը միակը չէ. բռնցքամարտում մենք տեսանք նույնը՝ Նարեկ Աբգարյանը և Հովհաննես Բաչկովը ևս անարդար մրցավարների տուժողներ են:

Հարգելի գործընկերներ, ես կոչ եմ անում Խորհրդարանական Վեհաժողովին աչք չփակել այս ամենի վրա և համապատասխան միջոցառումներ ձեռնարկել և ազդել միջազգային տարբեր սպորտային ֆեդերացիաների, հատկապես հունահռոմեական ֆեդերացիայի վրա, միասնական պայքար մղել և վերականգնել արդարությունը: Անարդարություն ցանկացած դրսևորում մթագնում է ոչ միայն Օլիմպիական խաղերի համբավը, այլև կոտրում սպորտի բնույթը, մարզվելու, առաջ գնալու և հաղթելու հավատը և հույսը:

Ժամանակակից Օլիմպիական խաղերի հայր Պիեռ դե Կուբերտեն մի անգամ ասել է. «Օլիմպիական խաղերում կարևորը հաղթանակը չէ, այլ մասնակցությունը. Էականը կյանքում ոչ թե նվաճելն է, այլ պայքարելը»: Թույլ տվեք հավելել. եթե անարդարության հետևանքով մեռնում է հույսը, որևէ մեկը այլևս չի հավատալու սպորտին:

Այնպես որ, հարգարժան գործընկերներ, եկե՛ք վերականգնենք հավատը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31