Հոկտեմբերի 12-ին «Հայելի» ակումբը հյուրընկալել էր հրապարակախոս Կարինե Հակոբյանին եւ քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանին:
Նրանք Սիրիա-Հայաստան համատեքստում խոսեցին հայկական դիվանագիտության անելիքներից ու բացթողումներից: Մտավորականները նաեւ կոչ արեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամին հեռուստամարաթոն անցկացնել սիրիահայերին Հայաստանում աջակցություն ցուցաբերելու համար, արագ կազմակերպել նրանց Հայաստանում տեղավորելու հարցերը:
Հրապարակախոս Կարինե Հակոբյանը տարակուսանք հայտնեց Սիրիայում ընթացող պատերազմին ու սիրիահայության վիճակին քաջածանոթ ՀՀ կառավարության ոչ համարժեք կեցվածքի առնչությամբ: Նա փաստեց, որ պասիվություն է տեսնում նաեւ Սիրիայի հայ համայնքի, մասնավորապես եկեղեցու ու տեղի ավանդական կուսակցությունների կողմից, որոնք գուցե չեն դիմում Հայաստանի իշխանություններին՝ փորձելով պահպանել տեղի հայահոծ համայնքը: «Մինչդեռ, քանի որ խոսքը մարդկանց անվտանգության մասին է, նման պասիվ վերաբերմունքը համարժեք է հանցագործության»,-հայտարարեց Կարինե Հակոբյանը:
Ի տարբերություն հրապարակախոսի, Ֆերդինանտ Առաքելյանը չի կարծում, թե, օրինակ Սփյուռքի նախարարությունը պասիվ է: Նրա խոսքերով, այս գերատեսչությունը պարզապես փող չունի, Հայաստանն էլ աղքատ է:
Կարդացեք նաև
«Մի 20 տարի Ղարաբաղի համար փող ենք հավաքում, ինչո՞ւ նույնը չանենք սիրիահայերի համար ու մի ավան կամ թաղամաս չկառուցենք»,-կոչ արեց քանդակագործը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ